Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ղրղզստանի վարչապետի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահ
(վարչապետ) Ակիլբեկ Ժապարովի հետ: Նա Հայաստան է ժամանել՝ նոյեմբերի 18-19-ը Երևանում կայանալիք
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով:

Ողջունելով Ղրղզստանի վարչապետին՝ վարչապետ Փաշինյանը նշել է.

«Հարգելի Ակիլբեկ Ուսենբեկի,

Ողջունում եմ Ձեզ Հայաստանի մայրաքաղաքում: Ցանկանում եմ անձամբ շնորհավորել Ձեզ Ղրղզական
Հանրապետության նախարարների կաբինետի նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Հույս ունեմ և
վստահ եմ, որ համատեղ աշխատանքով մեզ կհաջողվի շարունակել զարգացնել մեր երկրների միջև
հարաբերությունները:

Իհարկե, մենք մասնակցում ենք ընդհանուր կազմակերպությունների աշխատանքներին. դա Եվրասիական
տնտեսական միությունն է, Անկախ պետությունների համագործակցությունն է, մեր երկրները Հավաքական
անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամներ են:

Եվ, անշուշտ, մեզ համար շատ կարևոր են, և մենք բարձր ենք գնահատում մեր երկկողմ հարաբերությունները:
Հուսով եմ, որ մեզ կհաջողվի զարգացնել նաև այդ հարաբերությունները և հատկապես ակտիվացնել
առևտրատնտեսական կապերը: Եվս մեկ անգամ շնորհավորում և ողջունում եմ Ձեզ»:

Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ Ղրղզստանի վարչապետն ասել է.
«Շատ շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար: Հուսով եմ՝ Ձեզ մոտ ամեն ինչ կարգին է:

Իհարկե, վերջին երկու տարում, համավարակի պայմաններում մեր երկրների միջև առևտրատնտեսական
հարաբերությունների մակարդակն այդքան էլ ուրախալի չէր, բայց վերջին 6-9 ամսվա տեմպերը վկայում են, որ
սկսում ենք վերստին աշխուժացնել դրանք: Սակայն ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալը, այսպես ասած,
չնչին է:

Կցանկանայի Ձեզ հետ քննարկել առևտրատնտեսական համագործակցությանը և Ձեր կողմից նշված
կազմակերպություններում մեր փոխգործողությանը վերաբերող հարցեր՝ ինչպես տնտեսության մեջ, այնպես էլ ՀԱՊԿ-
ում, որպեսզի կարողանանք միմյանց աջակցել թե՛դժվարին, և թե՛ լավ ժամանակներում»:

Զրուցակիցները քննարկել են հայ-ղրղզական հարաբերությունների օրակարգին և համագործակցության
զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: