«Կոլեկտիվ իմունիտետ ձեռք բերելու համար թիրախային բնակչության գոնե 70 տոկոսը պետք է պատվաստված լինի». Սևան Իրիցյան
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Այժմ Covid19 հիվանդության տարիքը փոխվել է, ծանր ընթացքն ավելի հաճախ է հանդիպում։ Այս տարվա ընթացքում կատարված պատվաստումների քանակը դեռ չի հասել այն շեմին, որը զգալի փոփոխություններ կբերի՝ ազգաբնակչության մակարդակով շարժ գրանցելու տեսանկյունից։ Դրանք դեռևս անհատական պաշտպանության մակարդակ են ապահովում, ոչ ավելին։ Այս մասին այսօր «Արմենպրես» լրատվական գործակալությունում տեղի ունեցող «COVID-19-ի դեմ պատվաստումներն ալերգիաների համատեքստում» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ալերգոլոգ-իմունոլոգ Սևան Իրիցյանը։
Ըստ առողջապահության նախարարության տվյալների՝ 1 միլիոնից ավելի պատվաստում է կատարվել Հայստանում, որից 300.000-ից ավելին է, որ երկրորդ դեղաչափը ստացել է։
Հարցին, թե որպեսզի «կոլեկտիվ իմունիտետ» առաջանա՝ ի՞նչ մակարդակի պետք է հասնեն պատվաստումները, պարոն Իրիցյանը նշեց, որ կա «վարակման գործակից» երևույթը, որը համաճարակաբանական ցուցանիշ է։ Այդ գործակցով պայմանավորված՝ կոլեկտիվ իմունիտետի թիվը փոփոխվում է։ Կորոնավիրուսի համար այն հաշվարկված է մոտավորապես թիրախային բնակչության գոնե 70 տոկոսը։
«Պետք է թիրախային բնակչության գոնե 70 տոկոսը պատվաստված լինի, որպեսզի այդ վարակման գործընթացը ինչ-որ չափով դանդաղի։ Իհարկե, դրանք կանխատեսումներ են, քանի որ բնության հետ գործ ունենք. մինչև հստակ չգա այդ պահը, չես կարող համոզված լինել, բայց, ամեն դեպքում, կանխատեսումներն այդպիսին են»,- ասաց բժիշկը։
Նրա խոսքով՝ Հայաստանում 1 միլիոն պատվաստումը կատարվել է 1-ին և 2-րդ դեղաչափերը միասին, բայց դա լիարժեք պատվաստվածների թիվը չէ. «Նոյեմբերի 14-ի դրությամբ բնակչության 21.8 տոկոսն է ստացել 1-ին դեղաչափը, իսկ ամբողջականը՝ 9.5 տոկոսը, այսինքն՝ 278.000 մարդ, ինչը բավական ցածր ցուցանիշ է, որպեսզի սպասենք որևէ պոպուլյացիոն արդյունքի»։