Ազգաբնակչության մեջ պատվաստումների պրոցեսը հաճախ դանդաղում է՝ ալերգիկ հիվանդությունների դեպքում պատվաստումներից խուսափելու պատճառով։ Այս մասին այսօր «Արմենպրես» լրատվական գործակալությունում տեղի ունեցող «COVID-19-ի դեմ պատվաստումներն ալերգիաների համատեքստում» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԵՊԲՀ ալերգոլոգիայի և իմունոլոգիայի ամբիոնի վարիչ, Հերացի համալսարանական հիվանդանոցի ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկայի ղեկավար Արմինե Հակոբյանը։
Նրա խոսքով՝ պատվաստումների հակացուցումների և ցուցումների վերաբերյալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կա առաջարկվող գործելակարգ, և միայն 1-ին դեղաչափից հետո զարգացած ալերգիկ ռեակցիան կարող է հանդիսանալ հաջորդ դեղաչափի համար բացարձակ հակացուցում։
«Այստեղ էլ ունենք բացառություններ. մի շարք համաշխարհային կազմակերպություններ ալերգոլոգիական տարբեր հետազոտություններ կատարելուց հետո եկել են այն կարծիքին, որ կարող ենք նույնիսկ փոխել պատվաստման տեսակը, եթե նախորդ պատվաստումից զարգացել է որևէ ալերգիկ ռեակցիա»,- նշեց տիկին Հակոբյանը։
Քննարկման բանախոսներից ալերգոլոգ-իմունոլոգ Սևան Իրիցյանը նշեց, որ այն խրոնիկ պացիենտները, որոնց հետ վաղուց է աշխատում, մեծամասամբ պատվաստվել են, սակայն 1-2 ամիս առաջ բժշկին հարցերն ավելի շատ էին, հիվանդները անհանգստացած էին. «Մեծ մասը, ովքեր պատվաստվել են, զանգել և տեղեկացրել են, որ ամեն ինչ լավ է անցել, որևէ կողմնակի խնդիր դեռ չեն ունեցել՝ որպես լուրջ բարդություն»։
Հարցին, թե արդյոք կա՞ միտում պատվաստումից առաջ ալերգիկ պացիենտին որևէ հետազոտություն անցկացնելու՝ հասկանալու համար պատվաստանյութի հետևանքները, Արմինե Հակոբյանը պատասխանեց, որ ամբողջ աշխարհում նման պրակտիկա չկա, որևէ հետազոտությունների կարիք չկա. «Պացիենտը, եթե նախկինում չի ունեցել որևէ ռեակցիա, նա կարիք չունի հետազոտության, իսկ եթե ունեցել է, ապա դա կապ չունի ներկա պատվաստանյութի հետ, քանի որ ներկա պատվաստանյութի բաղադրիչները գրեթե նոր են։ Այո, կան որոշ բաղադրիչներ, որոնք նաև հանդիպում են այլ պատվաստանյութերի կամ այլ դեղամիջոցների մեջ։ Համենայնդեպս, ամբողջ աշխարհում նման պրակտիկա չկա՝ նախօրոք հետազոտելու»։
Նա նշեց նաև, որ նախօրոք ռեակցիաները կանխարգելելու համար ոչ մի դեղամիջոց պետք չէ ընդունել, ավելին, քանի որ շատ հետազոտական տվյալներ չկան այս պատվաստանյութի մասին, այդ դեղամիջոցները կարող են խանգարել նրա ընդհանուր ազդեցությանը մեր օրգանիզմում։
«Մենք ունենք մի պատվաստանյութ, որի մասին դեռ քիչ բան գիտենք։ Դա, իհարկե, հենց բերում է հակապատվաստման քարոզին։ Մի կողմից՝ այո, ունենք քիչ տվյալներ, բայց մյուս կողմից էլ՝ ունենք պատվաստման այնքան մեծ քանակ (ամբողջ աշխարհում այսօր մոտավորապես 7 միլիարդ անձ արդեն պատվաստվել է, գոնե 1 դեղաչափ), որ ամբողջ աշխարհից հավաքագրվում են տարբեր տեսակի կողմնակի ազդեցության տվյալները։ Ես կուզեմ խոսել ալերգաբանական կողմնակի ազդեցություններից, և պատկերացրեք, դրանք բավականին քիչ են, և առավել քիչ են կյանքին վտանգ ներկայացնողները»,- ասաց տիկին Հակոբյանը։
Նա ընդգծեց, որ դեռևս ամբողջ աշխարհում Քովիդ 19-ի պատվաստումից առաջացած մահացության դեպք չի գրանցվել։
Հարցին, թե պատվաստվելուց 30 րոպե առաջ պե՞տք է խմել հակաալերգիկ դեղ, նա նշեց՝ դրա անհրաժեշտությունը չկա։ Իսկ թե ո՞ր դեպքում չի կարելի պատվաստվել, Հակոբյանը նշեց. «Ընդհանրապես պատվաստում չի կարելի անել ցանկացած հիվանդության սուր փուլում, և դա վերաբերում է ցանկացած պատվաստանյութի։ Ուղղակի խորհուրդ ենք տալիս կարգավորվել, հիվանդությունը, եթե նույնիսկ խրոնիկ բնույթ է կրում այն, բերել ռեմիսիայի շրջանի, նոր գալ պատվաստվելու»։