Էդվարդ Ուսոյանի երկու դպրոցահասակ աղջիկներն ուսումը չեն շարունակում: Դուստրերից ավագը նախորդ տարի 9-րդ դասարանից է դուրս եկել, իսկ փոքրը՝ այս տարի 8-րդ դասարանից: Հայրը մտավախություն ունի, որ աղջիկներին կփախցնեն, այդ պատճառով հանել է դպրոցից:
Զարթոնք համայնքը դպրոցից դուրս մնացած երեխաների թվով Արմավիրի մարզում առաջատարն է: Միայն 2021թ.-ին մարզում դպրոցից դուրս է մնացել 18 երեխա, որից 12-ը՝ Զարթոնքում: 12 երեխայից 8-ը ազգությամբ եզդի աղջիկ է: Ծնողները դպրոցից հանել են նրանց փախցնելուց խուսափելու համար:
Էդվարդն ազգությամբ եզդի է: Ընտանիքի հետ ապրում է Զարթոնք գյուղում: Պատմեց, որ ինքն էլ է շուտ ամուսնացել՝ 18 տարեկանում: 35 տարեկան է, և արդեն 4 երեխա ունի, որոնցից մեծը՝ 16 տարեկան աղջիկ է:
Ուսոյանների ընտանիքում վաղ ամուսնությունները նորություն չեն: Էդվարդի քույրը 90-ականներին 13 տարեկանում է ամուսնացել՝ դարձյալ կիսատ թողնելով ուսումը: Էդվարդն այժմ դեմ է վաղ ամուսնությանը և աղջիկներին դպրոցից հանելը պատճառաբանում է դրանով. փախցնելու վտանգն առկա է:
«Ուզողները շատ են գալիս, վախենում ենք ուղարկենք դպրոց, որ չփախցնեն: Ճիշտն ասած ես էլ էի ուզում, որ էրեխեքը մինչև վերջ գնային դպրոց, սովորեին, բայց հանգամանքների բերումով չստացվեց: Երկու աղջիկներս էլ լավ են սովորել, եթե փախցնելու ավանդույթը չլիներ, կցանկանայի շարունակեին: Մի քանի անգամ գալիս, ուզում են, մարդ վախենում ա ուղարկի դասի: Բա որ մի անարժանի մեկը փախցնի, տանի: Շատ սխալ բան կլիներ իմ կողմից»,- ասում է երեխաների հայրը:
Էդվարդն ասում է, որ իրենք պահպանողական ընտանիք են: Իրենց մոտ ընդունված չէ փախցնելուց հետո աղջկան հետ բերելը: Պատմեց, որ իրենց ազգում ծնողների ցանկությամբ են աղջիկներն ամուսնանում: Նախապես շփում չկա, տղան աղջկա հետ շփվում կամ առաջին անգամ տեսնում է տանը, երբ աղջկանից ջուր են ուզում: Սակայն, եթե աղջկա ընտանիքի անդամները տղային չհավանեն, աղջիկը սենյակից դուրս չի գա և ջուր չի տա տղային:
Էդվարդն ասում է, որ ինքն էլ «միլիարդ տոկոս թույլ չի տա, որ աղջիկը նախապես շփվի տղայի հետ»: Այդ իսկ պատճառով իր երկու աղջկա միայնակ անցած միակ ճանապարհը դպրոցի ճամփան է եղել: Վերջիններս նույնիսկ գյուղի խանութի տեղը չգիտեն, երբեք խանութ չեն գնացել: Սոցիալական ցանցերից ևս չեն օգտվում, ինտերնետից չեն օգտվում:
Արդեն դպրոց չգնացող աղջիկներից ավագը ցանկանում է հրուշակագործություն սովորել, մյուսը՝ վարսահարդարում: Էդվարդն ասում է, որ ինքն է աղջիկներին տանելու դասի ու հետ բերելու:
Մինչ մենք զրուցում էինք, ընտանիքի անդամների հորդորով, մեծ աղջիկը սուրճի սեղան էր գցում: Այդ ընթացքում նա գլուխը չբարձրացրեց և շուրջը չնայեց: Միայն հոր թույլտվությամբ մի քանի բառ փոխանակեց մեզ հետ:
Նշեց, որ սովորական է ընդունել դպրոցից դուրս գալու լուրը՝ հաշվի առնելով իրենց ազգային ավանդույթները: Աղջիկը ևս չէր ընդունում վաղ ամուսնությունը՝ նշելով, թե կամուսնանա 20-21 տարեկանում: Պատմեց, որ դպրոցից դուրս գալուց հետո, ամբողջ օրը տանն է լինում, ընտանիքին է օգնում տնային գործերում: Հրուշակագործություն էլ ցանկանում է սովորել, որ կարողանա լավ պատրաստել:
Նշենք, որ դպրոց չհաճախելու պատճառների մասին դպրոցների տնօրենները տեղյակ են պահում մարզպետարանների կամ Երևանի համայնքապետարանի իրավասու պաշտոնյաներին, ինչպես նաև ոստիկանությանը: Սակայն, ոչ միշտ է, որ բոլոր դեպքերով Ոստիկանությանը տեղեկացնում են: Այդ է պատճառը, որ տվյալների միջև տարբերություն կա:
Օրինակ, միայն Արմավիրի մարզում 2019թ.-ին դպրոցից դուրս է մնացել 8 երեխա, 20-ին՝ 7, իսկ 2021թ.-ին՝ 18 երեխա: Սակայն, Ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Հանրապետությունում 2019թ. ընթացքում ուսումից չարամտորեն խուսափելու համար պրոֆիլակտիկ հաշվառման է վերցվել 15 անչափահաս, 2020թ. և 2021թ. սեպտեմբերի դրությամբ՝ 3-ական անչափահաս:
Ըստ Ոստիկանության տարածքային ստորաբաժանումներից ստացված տեղեկատվության՝ ուսումից չարամտորեն խուսափելու պատճառները բազմազան են՝ անչափահասների ընտանիքներում տիրող բարոյահոգեբանական իրավիճակը, ծնողների ամուսնալուծությունը, ընտանիքի մի վայրից մյուսը տեղափոխվելը և նոր ուսումնական հաստատություն ընդունվելը, վատ առաջադիմություն ունենալու հետևանքով հաջորդ դասարան չտեղափոխվելը, համապատասխան փաստաթղթերի բացակայությունը, անչափահասի ազգային պատկանելիությունից ելնելով ամուսնությունը, ընտանիքի ոչ բավարար սոցիալական վիճակը կամ անչափահասի և վերջինիս ծնողի ցածր իրավագիտակցությունը:
«Կանխարգելիչ բնույթի զրույցներ են անցկացվել հանրակրթությունից դուրս մնացած անչափահասների և նրանց ծնողների ու օրինական ներկայացուցիչների հետ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաշվառման մեջ գտնվող անչափահասների մի մասը վերականգնվել է և շարունակել է հաճախել ուսումնական հաստատություն: Աշխատանքները շարունակվում են»,- հայտնում են Ոստիկանությունից:
Դպրոցից դուրս են մնում նաև սոցիալական պատճառներովԵթե ազգությամբ եզդի աղջիկները դպրոցից դուրս են մնում հիմնականում հնարավոր ամուսնության կամ դրա վախի պատճառով, ապա հայերի դեպքում պատճառներն այլ են:
Սուսաննա Հակոբյանը դարձյալ ապրում է Զարթոնք համայնքում: 2020թ.-ի սեպտեմբերից, երբ 9-րդ դասարանում էր սովորում, դուրս է եկել դպրոցից: Հայրը՝ Գևորգ Մելիքսեթյանն ասում է, որ երեխան հագուստ ու կոշիկ չի ունեցել դպրոց հաճախելու համար: Հետո զրույցի ընթացքում պարզվեց, որ աղջկան ավելի շատ դպրոցից հանել են, որ անկողնային հիվանդ տատին պահի:
Թեև վատ պայմաններում էին ապրում, սակայն աղջկա դպրոցից դուրս գալու միակ պատճառն ամենևին սոցիալական վատ վիճակը չի եղել: Ընտանիքի մյուս երկու երեխան հաճախում է դպրոց:
Սուսաննան ասում է՝ դպրոց գնալու ցանկություն ունեցել է, սակայն, պատճառները խանգարել են: Նա դրանց մասին չի խոսում: Այժմ էլ չի կարող դպրոց հաճախել, քանի որ ընկերներից հետ է մնացել և ստիպված է մնալ նույն դասարանում՝ տվյալ դասարանի ծրագիրը կրկնելու համար:
Մայրը՝ Ռայա Հովսեփյանը, ասաց, որ աշխատանք չունեն, միայն 30 հազար դրամ նպաստի հույսին են և շատ դեպքերում չեն հասցնում երեխաների կարիքները հոգալ: 60 հազար դրամ խանութին պարտք են, էլեկտրաէներգիայի պարտք ևս ունեն, և շուտով լույսը կանջատեն:
Զարթոնք գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Հոռոմսիմ Սարգսյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ հիմնականում ազգային փոքրամասնության ներկայացուցիչների աղջիկներն են դուրս մնում դպրոցից: Իսկ հայ երեխաների դպրոցից դուրս մնալն էլ պատճառաբանվում է սոցիալական դժվարություններով, ինչպես նաև արտերկիր գնալով կամ այլ պատճառներով:
«Ոստիկանության Մեծամորի բաժանմունքի անչափահասների հարցերով զբաղվող տեսուչներ են եկել գյուղ, մարզպետարանի ներկայացուցիչներն էլ տեղյակ են: Տնայցեր են կազմակերպվել, ինչ կարողացել՝ արել ենք, բայց անօգուտ»,- հավելեց Հ. Սարգսյանը:
Աղջիկ փախցնելը պատմության ընթացքում սովորույթ դարձած բան էԵզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց ուսումնասիրությունները ևս վկայում են, որ եզդի աղջիկ երեխաների դպրոցից դուրս մնալու հիմնական պատճառը փախցնելու վախն է: Դրանից ելնելով՝ որոշ ընտանիքներում շուտ են ամուսնացնում աղջիկներին, որ չփախցնեն:
Նշեց, որ վաղ ամուսնությունների փաստով կան նաև հարուցված քրեական գործեր, սակայն քիչ են բողոքելու դեպքերը, և աղջկա ծնողները համակերպվում են այդ մտքի հետ:
«Շատ մարդիկ ասում են, որ դա եզդիական ավանդույթ է և այլն, իրականում՝ ոչ: Նման ավանդույթ թե՛ կրոնում, թե՛ այլ տեղ չկա: Աղջիկ փախցնելը պատմության ընթացքում սովորույթ դարձած բան է: Հայ ժողովրդի մեջ նույնպես եղել է աղջիկ փախցնելու երևույթը, սակայն գիտակցական, կրթական մակարդակի բարձրացումով հաղթահարվեց: Այդ երևույթը հենց կրթական ցածր ցենզի մասին է խոսում»,- ասում է Խդր Հաջոյանը:
Եզդիների ազգային միության նախագահն ասում է, որ բավարար չափով չունեն մեդիա գործիքներ, թեև ռադիոյով, թերթի միջոցով այդ երևույթի մասին միշտ բարձրաձայնել են, սակայն, քարոզչության տեսանկյունից, եղածը քիչ է:
Խ. Հաջոյանի կարծիքով՝ այն ընտանիքներում, որտեղ գիտեն իրենց իրավունքները, կարողանում են պաշտպանել դրանք և անչափահաս աղջիկ փախցնելու սովորության դեմն առնել: Մյուսների դեպքում՝ չի հաջողվում:
«Նույն այն եզդի ընտանիքները, որոնց երեխաները շուտ են ամուսնացել, ովքեր տեղափոխվում են եվրոպական երկրներ, այնտեղ կրթություն են ստանում: Կրթություն չստանալը կարծես թե այստեղի մենթալիտետն է դարձել: Նույն վիճակն է նաև Ռուսաստանում ապրող եզդիների մոտ»,- նշում է Խդր Հաջոյանը:
Աղբյուր՝
hetq.am