Եթե իշխանության ներկայացուցիչներն այստեղ լինեին, ամենևին էլ չէին համաձայնի, որ թափանցիկ չեն աշխատում. նրանց հետ իմ շփումները վկայում են որ, ցավոք, իրենք այդպես չեն համարում։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» մեկնարկած՝ «Ամեն ինչ որոշելու է ժողովուրդը». մոռացված խոստում, Կառավարության փակ աշխատանքը՝ ապատեղեկատվության պատճառ» թեմայով քննարկման ժամանակ ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։
«2016 թվականին նախկին իշխանությունը Գնումների մասին օրենք ընդունեց, որտեղ պետության առաջին դեմքերի գնումները, այդ թվում՝ ներկայացուցչական ծախսերը, համարեց պետական գաղտնիք։ Դա բնորոշ էր այն իշխանությունների գործունեությանը, և ակտիվ քայլերը դրա դեմ ոչ մի արդյունք չտվեցին։ 2018 թվականի հեղափոխությունից հետո մենք կարծում էինք, որ դա հեշտ լուծելի խնդիր է, և այս իշխանությունները կփոխեն դա՝ ցույց տալով նաև իրենց տարբերվող աշխատաոճը նախորդ իշխանություններից։ Հենց առաջին իսկ ամիսների ընթացքում մենք օրինագիծը ներկայացրինք, թե ինչպես դա կարելի է փոխել, և հիմնավորեցինք դրա անհրաժեշտությունը, սակայն դեռ այն ժամանակ վարչապետի մամուլի քարտուղարն ասաց, որ մենք հեղափոխությունից հետո համարում ենք, որ տեղեկատվության ազատության խնդիր այլևս Հայաստանը չունի»,- ասաց պարոն Մելիքյանը՝ հավելելով, որ այս օրինագիծն ու իրավիճակը արդեն 3 տարի է՝ շարունակվում են։
Նրա խոսքով՝ բազմիցս հանդիպել են պատգամավորների հետ, հիմնավորել դրա անհրաժեշտությունը, և այս վերջին հանդիպման ժամանակ լսել են տարօրինակ հիմնավորում, թե «ամեն ինչ հրապարակվում է»։
«Այսինքն՝ այդ 3 դեմքերը գնում են գործուղման, և եթե դա հրապարակում եք, նշանակում է՝ օրենք եք խախտում, քանի որ դա պետական գաղտնիք է։ Իսկ եթե հրապարակվում է, այդ դեպքում ինչո՞ւ օրենքը չեք փոխում»,- նշեց պարոն Մելիքյանը։
Նա հավելեց, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և ԱԱԾ-ն համատեղ Կառավարության որոշման մեջ համապատասխան փոփոխություններ իրականացնելու նախագիծ էին ներկայացրել, որով որոշվում էր այլևս E-gov.am-ում չհրապարակել գործուղումների հետ կապված ծախսերը, քննարկվելիք հարցերը, ընդունած որոշումները և այլն։
«Այսինքն՝ սա արդեն բոլոր սահմաններն անցնում է։ Իրենք հիմնավորում են դա պատերազմական իրավիճակով, որ այնտեղ կարող է զգայուն ինֆորմացիա լինել, սակայն նույնիսկ այդ հիմնավորումները թույլ չեն տալիս այսքան փակ լինել։ Այդ հաշվետու չլինելն ու թափանցիկ չաշխատելն արդեն կամաց-կամաց վտանգ են ներկայացնում առհասարակ ինֆորմացիոն ոլորտին և հասարակության տեղեկացված լինելուն»,- նշեց պարոն Մելիքյանը՝ հավելելով, որ իշխանությունների այս աշխատելաոճը այսքան շատ ապատեղեկատվության տարածման միակ պատճառը չէ, սակայն այն, որ տեղեկատվության սովը կարող է խթանել այդ պրոցեսը, միանշանակ է։