Պետական եկամուտների կոմիտեն 2019 թվականի փետրվարի 18-ին Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ում կատարել է համալիր հարկային ստուգում։ Արդյունքում 2020 թվականի հունվարի 21-ին կազմվել է ստուգման ակտ, որով ընկերությանն առաջադրվել է 1.087.779.911 դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն: Ընկերությունը դիմում-բողոք է ներկայացրել ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողով, սակայն քննության արդյունքում ՊԵԿ-ի կողմից ընդունվել է դիմում-բողոքը մերժելու վերաբերյալ որոշում։
Ընկերության ներկայացուցիչները ՊԵԿ-ի որոշումը վիճարկել են ՀՀ վարչական դատարանում։ 2020 թվականի հունիսի 19-ին «Նաիրի ինշուրանս»-ի ներկայացուցիչները հայցադիմում են ուղարկում դատարան՝ խնդրելով անվավեր ճանաչել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության 21.01.2020թ. թիվ 3001813 ակտի 1-ին և 25-րդ կետերը և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի 21.04.2020թ. թիվ 25/16 որոշումը: Այս մասին կարելի է տեղեկանալ Datalex դատական տեղեկատվական հարթակից։
Նույն թվականի հունիսի 25-ին դատարանը՝ դատավոր Լիանա Հակոբյանի նախագահությամբ, ընկերության հայցադիմումն ընդունում է վարույթ։
Շուրջ երկու տարի տևող դատական գործընթացը դեռ չի ավարտվել, ավելին՝ այս ընթացքում ընդամենը մի քանի դատական նիստ է կայացել։ Դատաքննությունն այժմ դեռ նախնական դատական նիստերի փուլում է։ Այս ընթացքում հասցրել են նաև դատավոր փոխել։ 2021 թվականի հունիսի 29-ին գործը դատավոր Լիանա Հակոբյանից մակագրվել է դատավոր Ռաֆիկ Խանդանյանին։
Բնականաբար, այս ընթացքում, քանի դեռ գործը գտնվում է դատարանում, Քոչարյանների ընտանիքին պատկանող ընկերությունը չի կատարել ՊԵԿ որոշումը, և ավելի քան մեկ միլիարդ դրամ գումարը չի վճարվել պետբյուջե։
Նախավերջին դատական նիստը նշանակված է եղել նախորդ տարվա նոյեմբերի 4-ին, որը չի կայացել։ Դրանից հետո այն նշանակվել է դեկտեմբերի 13-ին, սակայն Datalex տեղեկատվական համակարգում նիստի կայանալու մասին տեղեկություն նշված չէ։
«Նաիրի ինշուրանս» ընկերությունը ստեղծվել է 1996 թվականին՝ «Նաիրի-96» ՍՊԸ անվամբ։ Ընկերությունն ապահովագրական գործունեություն սկսել է իրականացնել 1997 թվականից։ 2008 թվականից ընկերությունը վերանվանվել է «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ։
Ընկերության կայքում նշված է, որ ընկերության 60 տոկոս բաժնեմասը՝ մեկ միլիարդ յոթանասունչորս միլիոն դրամ անվանական արժեքով, պատկանում է Լևոն Քոչարյանին՝ Ռոբերտ Քոչարյանի որդուն։ Մնացած 40 տոկոսի սեփականատերը ոմն Վահագն Խաչատրյանն է։
Սա Լևոն Քոչարյանի ընդամենը մեկ ընկերության մասին է։
Ի դեպ, 1996 թվականին Լևոն Քոչարյանն ընդամենը 11 տարեկան անչափահաս էր, իսկ Ռոբերտ Քոչարյանը դեռ Արցախի նախագահն էր։
Նշենք, որ Լևոն Քոչարյանը, ըստ 2021-ին ԿԸՀ ներկայացրած հայտարարագրի, «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերությունից 604,2 միլիոն դրամի շահույթ է ստանում, ևս 18 միլիոն դրամի՝ աշխատավարձ։ Լևոն Քոչարյանը «Նաիրի ինշուրանս»-ից բացի՝ 50 տոկոս բաժնեմաս ունի «Զեմկոմինվեստ», 33,3 տոկոս՝ «Սփեյս մենեջմենթ» ընկերություններում։ Նրա դրամական միջոցները 2021-ի հունիսի 5-ի դրությամբ կազմել են 161 միլիոն դրամ և 395 հազար դոլար։ Երիտասարդ Լևոն Քոչարյանն ունի նաև բնակարան ու ավտոտնակ Երևանի Աբովյան փողոցում, նաև՝ Վազգեն Սարգսյան 10 հասցեի հասարակական տարածքի համասեփականատերերից է։ Ունի նաև Toyota RAV և Toyota Camry մակնիշի մեքենաներ։
Ստացվում է, որ ի տարբերություն այլ քաղաքացիների, Ռոբերտ Քոչարյանին և նրա ընտանիքին առնչվող ոչ միայն քրեական, այլև քաղաքացիական և վարչական դատերը ևս ձգձգվում են տարիներով և վերջնական հանգուցալուծում չեն ստանում։
Ուշագրավ է, որ պետությունից 1 մլրդ դրամից ավելի հարկեր թաքցնող Լևոն Քոչարյանը չի բացառում Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու լուրերը՝ նշելով միայն, թե դեռ վաղ է այդ մասին խոսել։
Վովա Հակոբյան