Հունվարի լույս 17-ի գիշերը պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները Կարապետ Ուլնեցու փողոցում կասկածելի «Մերսեդես» մակնիշի մեքենա էին նկատել։ Կանգնեցրել էին։ Վարորդը, որ Դավիթաշենում բնակվող 25-ամյա երիտասարդ էր, փաստաթղթերը ստուգելու ընթացքում մեքենայից բուսական զանգվածով պլաստմասսե տարա և պոլիէթիլենային տոպրակ էր նետել, ինչը չէր վրիպել պարեկների աչքից։
Պահպանելով դեպքի վայրը՝ նրանք օպերատիվ խումբ էին կանչել։ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը րոպեներ անց Կարապետ Ուլնեցու փողոցում էր։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեցին տարբեր տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներ, այդ թվում՝ բյուրեղանման զանգված և կաթուցիչներ։