ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի՝ «Պատրոն Դավո»-ի, ՀՀ ԶՈՒ ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի և մյուսների գործով նախագահող դատավոր Մանվել Շահվերդյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվում։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ պաշտպանները երեկ պարզաբանումներ են պահանջել, թե ինչպես է գործը մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանին, միջնորդել են դատարանի նախագահից պարզել՝ արդյոք խախտվե՞լ է մակագրման այբբենական կարգը, թե ոչ։ Հարցերի պատասխանները ստանալուց հետո պաշտպանության կողմը պետք է քննարկեր՝ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու հարցը։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այսօր դատավորը ներկայացրել է պարզաբանումները, որոնք պաշտպանության կողմին չեն գոհացրել, այժմ պաշտպանները նախագահող դատավորին միջնորդություն են ներկայացրել՝ ինքնաբացարկի վերաբերյալ։