«Բարոյական լեգիտիմություն չունի մի մարդ, որը կեղծում է սեփական կենսագրությունը» խոսքերի հեղինակ Լիլիթ Գալստյանը ընդամենը 2,5 տարի առաջ «4, 14 և 44 անգամ» ուրացավ Ռոբերտ Քոչարյանին
ԱԺ «Հայաստան» խմբակցության որոշ պատգամավորներ  իրենց ելույթներում երբեմն հիշեցնում են իշխանության տարբեր ներկայացուցիչների՝ նախկինում արված հայտարարություններն ու հակասություններ են փնտրում այդ հայտարարությունների և դրանց հեղինակների՝ ներկայում ցուցաբերվող  վարքագծի միջև: Ոմանք չեն խորշում օգտվել ընդհուպ  տեխնոլոգիական  զարգացման հնարավորություններից՝ իրենց ելութները համեմելով  արխիվային ձայնագրություններով:  Տեխնիկական աջակցությունից օգտվելու մեծ սիրահար է հատկապես նախկին լրագրող Արեգնազ Մանուկյանը: 

Մեկ այլ անդամ՝ ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանն էլ,  ՀՌՀ անդամների թեկնածության քննարկման ժամանակ, ինչպես հայտնել ենք,  հակասություններ էր հայտնաբերել ՀՌՀ անդամի  ՔՊ-ական թեկնածու Արթուր Մանուկյանի կենսագրականում և հայտնաբերված հակասությունները «ցնցող դիսոնանս»  որակել: Ապա հավելել էր, թե «բարոյական լեգիտիմություն չունի մի մարդ, որը կեղծում է սեփական կենսագրությունը»:    

Քանի որ խոսք է բացվել հակասություններից, ցնցող դիսոնանսից և բարոյական լեգիտիմությունից, ապա թերևս արժե հիշել ոչ վաղ անցյալում արված մի տեսաձայնագրություն, որում տիկին Գալստյանի հնչեցրած մտքերն ու ձևակերպումները և այսօր ցուցաբերվող վարքը, բացի այն բանից, որ  ցնցող դիսոնանս են հարուցում, այլ նաև հարց են առաջադրում՝ տիկին Գալստյանը բարոյական լեգիտիմություն ունի՞ լինելու մի խմբակցությունում, որի փաստացի ղեկավարի մասին ոչ վաղ անցյալում, մեղմ ասած, տգեղ էր արտահայտվում, ընդհուպ՝ ուրանում էր նրան:  Խոսքը 2019-ին «Սիվիլնեթին» տված հարցազրույցի մասին է, որում տիկին Գալստյանը, քննադատական հայացք գցելով երկրի ընթացիկ վիճակին, միաժամանակ ողջունում է 2018-ին տեղի ունեցած, իր ձևակերպմամբ, ժողովրդային հեղափոխությունը:  «Մենք արդար և արդարացված ենք համարում անցյալ տարվա ժողովրդային  շարժումը, որովհետև ժողովուրդն ուզում էր ազատվել մի  կապանքներից, որտեղ նվաստացած էր արժանապատվությունը, իրավունքները, ազատ ձեռներեցությունը: Մի խոսքով, սեփական երկրում արժանապատիվ ապրելու պայքար էր դա, և ինչ լավ էր, որ խաղաղ անցավ դա, և մենք ունեցանք իշխանահոգեփոխություն: Հետագա գունավորումը մտահոգիչ է, և ես մի քանի մտահոգությունների մասին խոսեցի: Եվ եթե պետությունը, Նիկոլ Փաշինյանը ձախողվի, դա մեր երկրին հետընթացի նոր ռիսկ ա բացելու, և մենք երբեք չենք չարախնդում պետականության ձախողումների համար և Նիկոլ Փաշինյանին չարախնդալու կեցվածք չունենք: Դա չի սազում 130 տարվա քաղաքական կապիտալ ունեցող ուժին»:  Թե ինչով է  այս օրերին  օրնիբուն  զբաղված  130 և ավելի տարվա քաղաքական կապիտալ ունեցող կուսակցությունը՝ ընթերցողը տեսնում և լսում է ԱԺ ամբիոնից: 

Հարցազրուցավարի  հարցին՝  «կարո՞ղ եմ ասել, որ դուք, բացահայտ չասեմ, բայց մտահոգ եք և աջակցում եք Ռոբերտ Քոչարյանին», տիկին Գալստյանը հատու տոնով հակադարձում է. «Բացարձակապես ոչ,  ոչ, ոչ,  4 անգամ, 14 անգամ կամ  44 անգամ կարող եք ձևակերպել... Մենք անցյալի վերադարձ չունենք, և Հայաստանը, Աստված չանի, վերադառնա անցյալին՝ որպես պետության, պետականության որակներ, որպես կառավարման որակներ, ժողովրդավարության մակարդակ, որպես տնտեսական, սոցիալական... անցյալին վերադարձ չկա: ...Մեր երկիրը տարիներ շարունակ էդ  երեք նախագահների պատանդն ա եղել: Երբ որ ուզում ես քայլ անել՝ տղե՛րք, արդեն 21-րդ դարի գրեթե կեսերին ենք մոտենում, մենք շարունակ՝ անցյալը, անցյալը, անցյալը... Էդ անցյալի կապանքներն ու պատանդությունը թույլ չեն տալիս, որ մենք քաղաքակրթական մրցակցության նոր հորիզոններ բացենք մեզ համար, դա վտանգավոր ա: ...Մենք չենք ուրանում մեր անցյալը, բայց անցյալը դաս քաղելու համար ա, ոչ թե շարունակ խեղդվելու և էդ ցեխից դուրս չգալու»:  
 Ընդգծենք, որ պետական կառավարման այն  փուլում (նախքան ժողովրդային շարժումը), որը Լիլիթ Գալստյանը ներկայացնում է, մեղմ ասած, գորշ գույներով, ՀՅԴ-ն իշխանության կոալիցիոն գրեթե մշտական գործընկերն էր և պատասխանատվություն էր կրում երկրի կառավարման որակների, ժողովրդավարության մակարդակի և մնացած հանգամանքների համար:  

Դատելով 130-ամյա քաղաքական կապիտալով կուսակցության ներկայիս պահվածքից՝  կարելի է 4, 14, 44 անգամ եզրակացնել՝ Դաշնակցությունն այսօր էլ ՀՀ նախկին նախագահներից մեկի՝ Քոչարյանի պատանդառության տակ է և սիրահոժար կատարում է վերջինիս  հրահանգները՝ այդպես էլ դաս չքաղելով անցյալից և շարունակելով խեղդվել  դաշնակցական պատգամավորի ասած «ցեխում»:  

Իսկ Լիլիթ Գալստյանը անկեղծության վերոհիշյալ պոռթկումից հետո ԱԺ արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում աշխատում էր առաջին պլանում լինել ու հնարավորինս կիպ կանգնել Քոչարյանին: