Դատավոր Բորիս Բախշիյանին ազատությունից զրկելու միջնորդություններ են ներկայացվել ԲԴԽ, բայց դա կապ չունի Աշոտ Մինասյանի գործի հետ․ Գոռ Աբրահամյան
Օրենքով սահմանված կարգով՝ գլխավոր դատախազը ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդին է ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություններ։ Այս մասին Civic.am-ին հայտնեց ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Աբրահամյանը, անդրադառնալով քրեական գործի վերաբերյալ մամուլում տարածված լուրերին, հայտնեց, որ այս պահին նպատակահարմար չեն համարում որևէ այլ տեղեկատվություն ներկայացնել քրեական գործի հանգամանքների վերաբերյալ։ 

«Սակայն Դատական օրենսգրքի 51-րդ հոդվածի 7-րդ կետը սահմանում է, որ քրեական վարույթի շրջանակներում դատավորի նկատմամբ գործողությունները պետք է կատարվեն առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը՝ դատավորի հեղինակության և անկախության նկատմամբ հարգանքից ելնելով ու բացառելով դատավորի  գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն։ Ելնելով այս իրավակարգավորումից՝ մենք այս պահին նպատակահարմար չենք համարում որևէ այլ տեղեկատվություն ներկայացնել քրեական գործի հանգամանքների վերաբերյալ»,- նշեց նա։

Գլխավոր դատախազի խորհրդականը հավելեց, որ որոշակի շեշտադրումներ և ուղղղություններ են փորձում տալ քրեական գործին։ «Միայն ուզում եմ նշել, որ այս քրեական գործի շրջանակներում քննության առարկա հանգամանքներն ու փաստերը որևէ  կապ չունեն Աշոտ Մինասյանի գործի հետ և վերաբերում են նշված դատավորի գործունեության հետ կապված ավելի վաղ կատարված դեպքին ու շատ ավելի վաղ արված բացահայտումներին»։

Գեղամ Ադյան