Մաքսային ծառայությունում նոր կադրեր կներգրավվեն, ընդունելության մեկնարկը տրված է. ՊԵԿ նախագահի տեղակալ
Մաքսային ծառայությունում կգործի կադրերի ներգրավման նոր համակարգ, որը մաքսային ծառայության բարեփոխումների բաղադրիչներից մեկն է։ Մաքսային ծառայության բարեփոխումները հանգեցնելու են առևտրաշրջանառության դյուրինացմանը և նպաստելու են տնտեսական ակտիվությանը։ Այսօր «Արմենպրեսս»-ի կազմակերպած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը՝ խոսելով մաքսային ծառայության բարեփոխումներից և ընդունելության նոր ընթացակարգից։ 

ՊԵԿ նախագահի տեղակալի խոսքով՝ մաքսային ծառայությունում կներգրավվեն հատուկ մասնագիտական պատրաստվածություն անցած կադրեր: 

«ՊԵԿ-ի կայքում արդեն ընդունելության հայտարարությունը հրապարակվել է։ Նախատեսվում է ընդունելությունն իրականացնել 2 փուլերով՝ թեստավորման, բարեվարքության ստուգման և հարցազրույցի։ Այս փուլերն անցած մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցելու դասընթացին, որն ունենալու է 2 փուլ՝ տեսական և գործնական պարապմունքներ։ Տեսական մասի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունենալու յուրացնել մաքսային գործին առնչվող մասնագիտական գիտելիքները, իսկ գործնական պարապմունքները իրենցից ենթադրելու են մաքսային գործառույթների իրականացման վարչություններում մասնակցի ներգրավում, որպեսզի վերջնարդյունքում ունենանք պատրաստի կադր»,- նշեց Ծովինար Սողոմոնյանն ու հավելեց, որ մասնակիցները ըստ հավաքած միավորների կընդգրկվեն վարկանիշային ցուցակներում, որոնց հիմքով էլ կիրականացվեն նշանակումները։ 

«Մինչև փետրվարի 28-ը դիմումները էլեկտրոնային տարբերակով կարող են ներկայացնել18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն և տիրապետում են հայերենին, նախատեսվում է նաև, որ մասնակիցները ունենան լեզուների իմացության որոշակի մակարդակ»,- ասաց ՊԵԿ նախագահի տեղակալն ու ընդգծեց, որ դասընթացներին կմասնակցեն և՛ ուսումնական կենտրոնի դասախոսները, և՛ հրավիրված դասախոսները։ Իսկ դասընթացները կանցկացվեն և՛ ղեկավար պաշտոնների, և՛ ոչ ղեկավար պաշտոնների համար։