Մաքսային հայտարարագրերը էլեկտրոնային եղանակով կներկայացվեն, տնտեսվարողները ստիպված չեն լինի այցելել մաքսային մարմիններ. ՊԵԿ նախագահի տեղակալ
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
«Նախատեսում ենք, որ ցածր ռիսկայնություն ունեցող, բարեխիղճ տնտեսվարողների համար կներդրվի նախնական հայտարարագրերի լայնորեն կիրառման պրակտիկան։ Սա հնարավորություն է տալու տնտեսվարողներին սահմանին մաքսային հսկողությունը իրենց նկատմամբ գրեթե դարձնել աննկատ։ Այսինքն՝ տնտեսվարողը կլրացնի նախնական հայտարարագիր, կներկայացնի և սահմանից արդեն կկարողանա տնօրինել իր ապրանքը»,- այսօր՝ փետրվարի 2-ին, «Արմենպրեսս»-ի կազմակերպած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը՝ խոսելով մաքսային ծառայության բարեփոխումներից։
«Բացի սրանից, նախատեսվում է, որ մաքսային հայտարարագրերի գործընթացը ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով կկազմակերպվի, և տնտեսվարողները ստիպված չեն լինի հայտարարագրերի շտկման համար այցելել մաքսային մարմիններ։ Կոնկրետ մաքսային ծառայողին տնտեսվարողի ներմուծման հետ կապված ցուցումը տրվելու է էլեկտրոնային համակարգի միջոցով, օրինակ՝ կարմիր ուղու դեպքում բեռի զննում կամ դեղին ուղու դեպքում՝ փաստաթղթի զննում, իսկ կանաչ ուղու դեպքում՝ առանց հսկողության ապրանքները կանցնեն սահմանը»,- նշեց ՊԵԿ նախագահի տեղակալն ու ընդգծեց, որ սա կնպաստի ապրանքաշրջանառության դյուրինացմանը և տնտեսվարողների համար կխնայի ֆինանսական ռեսուրսներ։