Երևանի ընդհանուր իրավասության դատարանի բակն այսօր լիքն էր նախկին իշխանության ներկայացուցիչներով, ովքեր եկել էին իրենց աջակցությունը հայտնելու Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու մասին միջնորդությունն էր քննարկում Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Դավիթ Արղամանյանի նախագահությամբ։
Բախշիյանն այն դատավորն է, որի որոշմամբ հունվարի 26-ին ազատ արձակվեց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը։ Բաշխիյանի աջակիցների և «դատական բեսպրեդելի» դեմ պայքարելու ելածների շարքում էին ընդդիմության համակիր որոշ փաստաբաններ, ինչպես նաև ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Հայկ Մամիջանյանը և նույն խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Մարդիկ, որոնց քաղաքական ղեկավարների պաշտոնավարման օրոք դատական համակարգը խարխափում էր կոռուպցիայի մեջ, իսկ արդարադատության դիցուհի Ֆեմիդան՝ բռնաբարվում։ Դատելով պարոնայք աջակիցների խրոխտ հայտարարություններից՝ նրանք դատարանի բակում էին հավաքվել երկակի առաքելությամբ՝ մի կողմից աջակցում էին «տուժող» դատավորին, մյուս կողմից էլ, փաստրեն, փորձում էին ճնշում գործադրել այդ դատավորին կալանավորելու միջնորդությունը քննող մեկ այլ դատավորի նկատմամբ։
Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի երբեմնի փաստաբան Արամ Վարդևանյանը, հավատարիմ իր ռեպերտուարին, Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդումը որակում էր «տեռոր» և խոսում այսպիսով «դատական համակարգին վերջին մեխը խփելու» մասին: ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն էլ ինքնամոռաց աղաղակում էր «բռնաբարվող արդարադատության» մասին։
«Բոլորս պետք է հստակ գնահատական տանք տեղի ունեցող գործընթացներին, որպեսզի այս երկրում գոնե դատական իշխանությունը գործի անկախ և չկատարի իշխանությունների քմահաճույքը»,- հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրենը։
Հիշեցնենք, որ երբ Վանեցյանը ԱԱԾ պետն էր և ջրի երես դուրս եկան սկանդալային գաղտնալսումները, պարզվեց, որ ինքը Քոչարյանի կալանքի գործով Հրաչ անունով ինչ-որ դատավորի է զանգել, կամ հակառակը՝ դատավորն է իրեն զանգել։ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հետ հեռախոսազրույցում Վանեցյանը մասնավորապես ասում է․ «Ինձ դատավորը զանգեց, մի քիչ վախեցած ա, Հրաչ, հա՞, Հրաչ էր անունը: Մի խոսքով` ով որ կալանքը պիտի տա: Թե բա՝ պարոն Վանեցյան, պիտի մի հատ հիմքերը նայեմ: Ասի՝ նայի, կզանգես, բայց կալանքը ուզես-չուզես, պիտի տաս»: Վանեցյանն, իհարկե, հետո փորձեց հերքել, որ զանգել է ինչ-որ դատավորի, սակայն փաստը, ինչպես ասում են, «սվաղել» չհաջողվեց։ Այժմ պատգամավորի կարգավիճակ ստանձնած Վանեցյանը, փաստորեն, որոշել է խոսել արդարադատությունից, դրա բռնաբարումից, քանի որ այդ մասին խոսելն ու աղմկելը սպասարկում է նրա և նրա ընդդիմադիր գործընկերների ռևանշի շահերը։
Նշենք, որ Բախշիյանի փաստաբանները Արղամանյանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել: Դատարանի որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 10:00-ին:
Հիշեցնենք, որ դատավոր Բորիս Բախշիյանը մեղադրվում է անձին ակնհայտ ապօրինի կալանավորելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Մասնավորապես, որքան կարելի էր կռահել դատախազության պարզաբանումից, դատավորն ապօրինի կալանքի միջոցով ճնշում է գործադրել գլխավոր ամբաստանյալի դեմ ցուցմունք տված միակ անձի վրա, որն էլ կալանքից հետո հրաժարվել է իր ցուցմունքից։
Խոսքը Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով անցնող անձանցից մեկին կալանավորելու մասին է: Անձը, ինչպես նաև նրա փաստաբանը չեն ներկայացել նշանակված դատական նիստին, փաստաբանը դատարան գրություն է ուղարկել այն մասին, որ ինքը չի ներկայանալու, իսկ պաշտպանյալն առանց իր ներկայության ցանկություն չի հայտնել ներկայանալ:
Բորիս Բախշիյանն էլ որոշել է փոխել ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունն ու նրան կալանավորել, շաբաթներ անց, սակայն, դատավորը ամբաստանյալի խափանման միջոց կալանավորումը փոխել է ազատազրկման հետ չկապված խափանման միջոցով:
Հիշեցնենք` հունվարի 31-ին Բարձրագույն դատական խորհրդին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացվել էր երկու միջնորդություն՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին։
Խորհուրդը միաձայն որոշել է ներկայացված երկու միջնորդությունը բավարարել:
Դատավորների միությունը հայտարարությամբ էր հանդես եկել՝ մտահոգություն հայտնելով Սյունիքի մարզի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ Դատախազության և ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից քրեական հետապնդում իրականացնելու և անձեռնմխելիությունից (այդ թվում անձնական ազատությունից) զրկելով զուգորդված քրեական հետապնդում իրականացնելու գործընթացի հետ կապված, որը պայմանավորված է դատավորի գործունեության հետ։