Կորոնավիրուսով հիվանդների ինքնամեկուսացման օրերի կրճատումը միտված է քաղաքացիներին անհարկի ինքնամեկուսացման չենթարկելուն․ Անահիտ Ավանեսյան
«Տարբեր գնահատումներով 8000-9000 մահեր ունենք կորոնավիրուսի հետևանքով։  Կառավարությունը և առողջապահության նախարարությունը ունեն հետազոտություն թե դիմակակրությունը քանի կյանք է փրկել, լոքդաուն ասվածը ինչ օգուտ տվեց, պատվաստանյութերը հետազոտվել են Հայաստանում, թե ոչ։ Եվ եթե դիմակակրությունը փրկում է՝ ինչու է հիվանդությունն ամբողջ աշխարհում տարածվում։ Ինչու կորոնավիրուսի հիվանդության դեպքում անաշխատունակության ժամանակահատվածը 14 օրից դարձավ 7 օր, եթե այդքան վտանգավոր է հիվանդությունը»,-այսօր՝ փետրվարի 9-ին ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հարց ուղղեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։

«Ոչ միայն Հայաստանում են իրականացվում փորձի ամփոփումներ, գիտական նյութերի վերլուծություններ և գիտական հոդվածների տպագրություն, այլ նաև ամբողջ աշխարհում՝ բոլոր կանխարգելիչ միջոցների արդյունավետության անընդհատ գնահատականներ, պատվաստանյութերի ազդեցությունը կորոնավիրուսային համավարակի վրա»,-պատասխանեց Անահիտ Ավանեսյանը։

Նախարարն ընդգծեց նաև, որ հեղինակավոր ինստիտուտների կողմից հրապարակված հովածներ կան, որտեղ պնդում են, որ դիմակները լուրջ կանխարգելիչ միջոցառումներ են վարակի տարածելիությունը նվազեցնելու համար․ «Այս փաստը նաև հավաստվում է բժշկական կենտրոններում իրականացված մոնիտորինգների արդյունքներով։ Հայաստանը կորոնավիրուսի համավարակը նվազեցնելու համար հիմնվել է ապացուցված փաստերի վրա։ Այսօր մեր միջոցառումներն ուղղված են մի կողմից զսպելու վարակի տարածումը, մյուս կողմից չխոչընդոտելու տնտեսական գործունեությունը, կրթական պրոցեսը և այլն»։ 

Ինչ վերաբերում է պատվաստանյութերին՝ նախարարը նշեց, որ ՀՀ ներմուծվում են միայն ԱՀԿ կողմից հաստատված տվյալ երկրում իր գրանցող ռեգուլյատոր կազմակերպության կողմից հաստատում ստացած պատվաստանյութերը․ «Սա նշանակում է մեր ունեցած բոլոր պատվաստանյութերը ստացել են երեք աստիճանի փորձաքննության արդյունքները և հաստատվել է դրանց արդյունավետությունը, որակը, անվտանգությունը»։ 

Խոսելով անաշխատունակության ժամանակահատվածի կրճատումից նախարարն ընդգծեց, որ այս պահի ապացուցողական հիմքերը հուշում են, որ կորոնավիրուսով պատվաստված քաղաքացիները 7 օր հետո այլևս վտանգ չեն ներկայացնում, իսկ չպատվաստված քաղաքացիները՝ 10 օր, եթե 7 օր հետո չի հանձնել ՊՇՌ թեստ և չունի բացասական պատասխան․ «Սա միտված է քաղաքացիներին անհարկի ինքնամեկուսացման չենթարկելուն»։