Արարատի մարզից Մանուկ Հովակիմյանը վերջերս է վերադարձել ժամկետային զինծառայությունից ծառայել է Մատաղիսում, մասնակցել 44-օրյա պատերազմին և ծառայության ընթացքում ստացել է վնասվածք։ Հիմա երբ դիմել են առողջապահական հաստատություններ և զանգել են նախարարության թեժ գիծ՝ պարզվել է, որ առողջությունը վերականգնելու համար անհրաժեշտ է վիրահատություն, որն արժե մինչև 1 մլն դրամ, և պարզվել է, որ առողջապահության նախարարությունից, որ որևէ կերպ նախարարությունը կամ պետությունը այդ մարդուն և նրա պես բազմաթիվ հայրենակիցների որևէ աջակցություն չի ցուցաբերում, և աջակցություն ցուցաբերում է միայն հաշմանդամություն ստացածներին։ Խոսել եմ նաև ՊՆ սոցիալական-առողջապահության վարչության պետի հետ և պարզել եմ, որ այդ քաղաքացիները բազմաթիվ են։ Սակայն նման քաղաքացիները մինչև նախորդ տարվա ԱԺ ընտրությունները՝ այդպիսի աջակցություն ստացել են, բայց ընտրություններից հետո կտրվել է այդ աջակցությունը։ Այսօր՝ փետրվարի 9-ին ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հարց ուղղեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։
«Ես անձամբ կզբաղվեմ այդ հարցով։ Խոսքը վերաբերում է բժշկական եզրակացությանը՝ արդյոք դա եղել է պատերազմի հետևանքով, կամ բանակում ծառայելու ժամանակ, որովհետև ընդհանուր լուծումները վերաբերում է կարգ ունեցող մարդկանց, պատերազմի հետևանքով բուժմիջամտությանը։ Իսկ Ձեր նշած ընտրություններից առաջ եղած կարգը եղել է առաջին արձագանքման միջոցառում՝ դա եղել է 500,000 դրամ աջակցությունը։ Եթե տվյալ անձը չի ստացել հաշմանադամության կարգ՝ նշանակում է վնասվածքը փոքր է և կարող ենք բժշկական միջամտությամբ չեզոքացնել։ Իսկ եթե հարցը համարում եք համակարգային՝ կարող ենք միասին զբաղվել համակարգային լուծում գտնել։
Պաշտպանության նախարարությունը և նախարարը իրավասու է նաև անհատական որոշումներ էլ ընդունել, ովքեր ունեն նմանատիպ խնդիրներ թող դիմեն նախարարությանը՝ մենք կզբաղվենք։ Պատերազմից հետո, այն զինծառայողները ովքեր ունեն առողջական խնդիրներ, որոնց բուժումները առկա կարգավորումներով չեն կարգավորվում թող դիմեն նախարարություն»,-պատասխանեց Սուրեն Պապիկյանը։