Երկու ուղղությամբ ենք աշխատում՝ և՛ խրախուսում ենք, և՛ վատ աշխատողներին դուրս բերում դատաիրավական համակարգից. Կարեն Անդրեասյան
«Դատաիրավական համակարգի առողջացումը բոլոր առաջատար երկրներում բերել է տնտեսական լուրջ աճի, իսկ տնտեսական աճը կապահովի արդեն մնացած բոլոր շերտերի համար սոցիալական երաշխիքների ավելացման»,- այսօր՝ փետրվարի 10-ին, Կառավարության հերթական նիստում դատավորների, դատախազների, քննիչների կենսաթոշակները բարձրացնելու հարցի քննարկման ժամանակ ասաց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը: 
 
Նա նկատեց, որ քաղաքացիները, այո, ցավոք սրտի, իրենց կյանքում հանդիպում են 1-2 վատ դատավորի, վատ դատախազի կամ վատ քննիչի. «Եվ այդպիսին է ամբողջ համակարգի նկատմամբ ընկալումը, և շատերը մոռանում են, թե ինչքան նվիրյալներ են աշխատում այս համակարգում, և իրենց խրախուսելու համար շատ կարևոր են սոցիալական այս երաշխիքները»:

Նախարարի դիտարկմամբ՝ այս կերպ բարձրանալու է նաև պատասխանատվության շեմը: «Երկու ուղղությամբ է ընթանում աշխատանքը՝ և խրախուսելու, և վատ աշխատողներին դուրս բերելու համակարգից»,- ասաց նա՝ վկայակոչելով ԱԺ-ում ընդունված օրենքը:

Իսկ թե ինչու մյուսների կենսաթոշակը չի բարձրանում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ հարցում կա տեխնիկական պատճառ. «Մի բան է շահառուների 2000-անոց խմբի թոշակ բարձրացնելը, այլ բան է շահառուների 500-600 հազար մարդուց բաղկացած խմբի թոշակ բարձրացնելը, որի համար տասնյակ միլիարդավոր դրամներ են պետք, ու ամեն տարի»: