Արագածոտնի մարզում արաբները մեծ հողակտորները գնել են 2016թ.-ին, իսկ վերջերս 4-5 տուն են գնել, նրանց հետևում թուրքեր չեն կանգնած. Արագածոտնի մարզպետ
Օրերս որոշ ԶԼՄ-ներ հրապարակումներ են արել այն մասին, թե թուրքերը արաբների անվան տակ Հայաստանում՝ մասնավորապես Արագածոտնի մարզում, հողակտորներ են գնում։

Civic.am-ի հետ զրույցում Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը կտրականապես հերքեց այդ լուրերը: «Վերջերս ծավալված խոսակցությունները, թե արաբների հետևում թուրքեր են կանգնած, մի քանի տների գնման մասին է խոսքը։ Ես հերքում եմ բոլոր այն խոսակցությունները, որ իմ պաշտոնավարման ժամանակ կամ իմ պաշտոնավարումից առաջ Արագածոտնի մարզում գնված հողատարածքները թուրքերի են պատկանում»,- ասաց նա։  

Արագածոտնի մարզպետը, անդրադառնալով օտարերկրյա քաղաքացիների կողմից գնված հողատարածքներին, ընդգծեց, որ արաբների կողմից Արագածոտնի մարզում հողատարածքների և տների ձեռք բերման գործընթացը սկսվել է դեռևս 2016թ.-ից. «Արաբները, քանի որ հողատարածքների նկատմամբ անձամբ սեփականության իրավունք չեն կարող ձեռք բերել, իրավաբանական անձանց՝ ՍՊԸ-ների միջոցով են սեփականություն ձեռք բերել։ Իսկ վերջին շրջանում արաբները Ապարանի տարածքում 4-5 տուն են գնել, բայց այն խոսակցությունները թե իրենց հետևում թուրքեր են կանգնած, չեն համապատասխանում իրականությանը։ Իրականում նրանք արաբներ են, և եթե ինչ-որ խնդիր լինի, մեր համապատասխան գերատեսչություններն արագ կարձագանքեն՝ ամեն ինչ վերահսկվում է և ուշադրության կենտրոնում է պահվում»։   

Սերգեյ Մովսիսյանի խոսքով՝ Արագածոտնի մարզում արաբները մեծ հողակտորները գնել են 2016թ.-ին, իսկ վերջերս գնած տները սարքել են ամառանոցներ։

Հարցին՝ գնված հողատարածքներում արդյոք ձեռնարկատիրական գործունեությո՞ւն են իրականացնում արաբները, Արագածոտնի մարզպետն արձագանքեց. «Հողատարածքներ կան, որտեղ արդեն ձեռնարկատիրական գործունեություն են իրականացնում, հողատարածքներ էլ կան, որ գնել են, ցանկապատել են, բայց դեռևս որևէ գործունեություն չի իրականացվում։ Հիմնական մասը՝ որոշ չափով մեծ, որոշ չափով փոքր, ձեռնարկատիրությամբ են զբաղվում, հիմնականում գյուղատնտեսական գործունեությամբ»։ 

Նարա Մարտիրոսյան