Մշակութային գործիչներին թիրախավորած, նրանց «փալաս» ու «թափոն» անվանած հայտնի խմբակը Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի մոտ աշխուժակ աշխատողներն են. լուսանկարներ
Նախկին իշխանության հետ փոխկապակցված հայտնի կենտրոնից կառավարվող  խմբակը երեկվանից, խախտելով  դաստիարակության, բարեկրթության բոլոր նորմերը, կեղտոտ, մարդու պատիվն ու արժանապատվությունը նսեմացնող  բառապաշարով է արտահայտվում այն մտավորականների հասցեին, որոնք հրավիրվել էին  նախագահական՝ հանդիպելու ՀՀ նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանին։

Նրանց արտածած կեղտն ու լուտանքը, սակայն, չպարփակվեց միայն Ֆեյսբուքի պատերից ներս և օպերատիվ կերպով տիրաժավորվեց որոշ ԶԼՄ-ների կողմից։  Նշենք, որ մտավորականների թվում էին վաստակ ունեցող, պատկառելի տարիքի  մարդիկ՝  հաղորդավարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 2011 թվականին  ՀՀ ԱԺ նախագահի պատվո մեդալի, 2016-ին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի արժանացած,  2017 թ.-ից  Երևանի պատվավոր քաղաքացի   Նարա Շլեպչյանը, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի  (2011),, Պատվո շքանշանների (2016) արժանացած, 2015-ից Երևանի պատվավոր քաղաքացի Ռուբեն Մաթևոսյանը,  ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ և  Հայկական ԽՍՀ  պետական մրցանակների դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր,  Հայաստանի ազգային հերոս (2017)  Հովհաննես Չեքիջյանը,  Գրողների միության նախագահ  Էդվարդ Միլիտոնյանը, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ,  Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանի (1998) և այլ մրցանակների արժանացած Ռոբերտ Ամիրխանյանը և այլք։  

Թեև մեր սկզբունքներին դեմ է անպարկեշտ  արտահայտությունները տիրաժավորելը, սակայն մի քանիսը մասնակի մեջբերենք, որպեսզի հայտնի դառնա, թե ինչ որակի սատելիտներ են սպասարկում նախկին իշխանության քարոզչական գիծը. «Նոյի թվի թոշակառուներ», «փոքրապատիվ մուրացկաններ», «Ալեն Սիմոնյանին բավարարելու համար մայմունություններ անող, քծնող, խոնարհվող», «Ալիևի  հետ էլ սեղան նստելու պատրաստ ազգի թափոն», «փալաս» և այլն...

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն, ի դեպ, որը մտավորականի՝ հայտնի լեզվաբան Ռաֆայել Իշխանյանի որդին է, գրել է. «Այսօր մի քանի հայ ճանաչված, ոմանք նաև շնորհալի ստեղծագործող-մտավորականներ «արժանացել» են Հայաստանի պսևդոնախագահի պաշտոնակատարի «ջերմ» ընդունելությանը։ Նրանց դեմքերը փայլում են երջանկությունից, չէ՞ որ վերջապես նրանց հիշեցին, և կապ չունի, որ այդ հիշողները պարտության, Արցախը հանձնելու, հազարավոր զոհերի պատասխանատուներն են»։ Կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի որդի  Մհեր Մկրտչյանն էլ իր էջում զետեղել էր նախագահականում տեղի ունեցած հանդիպման լուսանկարներից՝ կից գրելով. «Ռ. Քոչարյանն ու Ս. Սարգսյանը սրանց գինը չգիտեին՝ հարգում ու մեծարում էին, կոչումներ ու էլ չգիտեմ ինչ բաժանում:
Իսկ Ալենը սրանց գինը լավ գիտի: Իրական գինը»: 

Գնից խոսող այս գործիչը, հիշեցնենք,  ի դերև ելած «Հայրենիքի փրկության շարժման» ակտիվիստներից էր, նաև՝  «Իշխանություն» ֆիլմի ռեժիսորը։ Մկրտչյանը  ֆիլմի՝ ամիսներ առաջ տեղի ունեցած պրեմիերայի ժամանակ պատիվ էր ունեցել նստելու Սերժ Սարգսյանի կողքին, հարցերով փոխանակվելու նրա հետ, հետո էլ՝ է՛լ ավելի էր մերձեցել՝ 2021 թ. նախընտրական շրջանում հարցազրույց վարելով պաշտոնաթող նախագահի  հետ։ Տեսնես՝ ի՞նչ գնի դիմաց։ Նշենք, որ մտավորականների հասցեին նման գռեհկաոճ գրառում արած ռեժիսորի հայրը՝ Ալբերտ Մկրտչյանը, արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստ (2003), ՀՀ «Մովսես Խորենացի» (2000), Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալների (2007)։  

Ֆեյսբուքյան «ստատուսչիներից» բացի՝ ընդունելությանը անդրադարձել էր նաև կայքերից մեկի մշակույթ լուսաբանող թղթակիցներից մեկը՝ մասնավորապես գրելով.   «Միշտ էլ եղել են «պալատական», «էլիտար» մտավորականներ, որոնք ունեցել են արտոնություններ, հարցեր են լուծել ու հարկ եղած պահին նախագահականի թեթև ակնարկով հավաքվել են ինչ-որ միջոցառման շրջանակում, իշխանություններին սատարող հայտարարություններ արել կամ նրանց կողքին նստել, ասենք, օպերային ներկայացումների պրեմիերաների ժամանակ: Մի խոսքով, դարձել են ֆոն՝ իշխանավորների համար, թույլ են տվել, որ իրենց դափնիները պաշտոնյաները վերմակի նման ձգեն իրենց վրա: Նրանց մեջ եղել են ու այսօր էլ կան այնպիսիք, որ պատիվ են համարել օրվա իշխանությանը ծառայելը՝ իրենց արածը հիմնավորելով նրանով, որ երկրին են ծառայում»: Հետաքրքիր է՝ լրագրողը արդյոք նույն մտահանգմա՞նն էր գալիս, երբ նախկին իշխանության օրոք նախագահականում մտավորականների հերթական ընդունելությունն էր կազմակերպվում, որը լուսաբանելու համար երբեմն հրավիրված էին լինում նաև լրագրողները։ Այդ մտավորականները այն ժամանակ է՞լ էին «պալատական», թե՞ այդպիսիք են համարվում, քանի որ նրանց ընդունող պաշտոնյան է փոխվել։   

Նկատենք, որ վերոհիշյալ «ստատուսչիների» խմբակն ու նրանց կառավարիչները, երբ իրենց պետք է ու շահեկան՝ ահազանգում են ատելության խոսքի մասին, սակայն հենց իրենք են ատելության գերդոզավորված խոսք  տարածում՝ թիրախավորելով ոչ միայն իշխանությանը, այլև նրանց հետ որևէ կերպ հարաբերվող անձանց, տվյալ դեպքում՝ արվեստի գործիչներին։ Ուշագրավն այն է, որ նախագահի պաշտոնակատարի հետ երեկ հանդիպման գնացած գործիչներից շատերը մեծարանքի ու պարգևների են արժանացել նախկին իշխանությունների օրոք, հրավիրվել նախագահական, սակայն  արգահատանքի այսպիսի խոսքեր, այն էլ՝ նման  ձևակերպումներով, չենք հիշում, որ նույն մարդիկ հնչեցնեին նաև նախկինում։ Ինչպես ասում են՝ «իրավիճակ է փոխվել», փոխվել է նաև մեծարանքի արժանացած անձանց նկատմամբ այդ նույն մեծարանքի հեղինակների վերաբերմունքը։ Վաստակ ունեցողների կուրծքը, փաստորեն, արժանի էր մեդալով զարդարվելու միայն այն ժամանակ, երբ իշխանության էին Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը։     
Փաստենք, որ մշակութային գործիչներին օգտագործելու (ներողություն բառի համար), նրանց քաղաքականություն խցկելու ու «ֆոն» ապահովելու հարցում անգերազանցելի ու անմրցելի էին նախկին իշխանությունները։  Հիշեցնենք, որ ավագանու ՀՀԿ ցուցակում էին արվեստի, սպորտի մի շարք գործիչներ՝ Սմբատ Լպուտյանը, Աստղիկ Գևորգյանը, Արա Երնջակյանը, Մարտին Վարդազարյանը, Լևոն Իգիթյանը, Հրանտ Թոխատյանը, Միքայել Դովլաթյանը և այլք։ Ընթերցողը կհիշի, թե ինչպես էր  տարիներ շարունակ  երգիչ-երգչուհիների միևնույն «էլիտար սաստավը»՝ Նունե Եսայանի ու Շուշան Պետրոսյանի գլխավորությամբ, ամեն հերթական ընտրության ժամանակ ապահովում Սերժ Սարգսյանի մշակութային ֆոնը՝ երգացնում ու պարացնում ՀՀԿ-ի քարոզարշավին բերված քաղաքացիներին։ Ինչպես էր ՀՀԿ-ի  «Առաջ Հայաստան» կարգախոսի ներքո դերասան Հրանտ Թոխատյանը 18+ բառապաշարով արտահայտվում նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի հասցեին, իհարկե՝ «կադրից դուրս» ռեժիմում,  ինչպես էր ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, 2013-ին  «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի արժանացած  Ալբերտ Ազարյանը Սերժ Սարգսյանի հասցեին  «գովասանքի» խոսքեր շռայլում, երբ չէր ստացվում տեսախցիկի առաջ առանց չակերտների  գովասանքի խոսքեր շռայլել՝ պահպանելով նյարդային հավասարակշռությունը։ Նրանց կողմից արտաբերված սպառիչ գնահատականներին  ավելացնելու նոր բան չունենք։ 

Հեղինե Մանուկյան