12 նոր ավտոմեքենա գնելու հարցը գաղտնի չի պահվել, եթե գաղտնի պահվեր, դուք չէիք իմանա. Վահան Քերոբյան
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ նիստում չի զեկուցվել վարչապետի աշխատակազմի համար 12 նոր ավտոմեքենա գնելու հարցը, որի համար հատկացվելու է 70 միլիոն դրամ:

«Գաղտնի չի պահվել, եթե գաղտնի պահվեր, դուք չէիք իմանա այդ մասին»,- ասաց նախարար Վահան Քերոբյանը: Ըստ նախարարի, այդ հարցը չզեկուցվողների մեջ է եղել, այլ ոչ գաղտնի հարցերի, իսկ չի զեկուցվել, որպեսզի ժամանակ չծախսվի այնպիսի հարցերի քննարկման վրա, որոնք սովորական աշխատանքային հարցեր են:

«Ուղղակի չզեկուցվեց, որովհետև բնույթով դա տեխնիկական որոշում է: Բնականաբար ժամանակ առ ժամանակ թարմացվում են մեքենաները: Ասել, որ այդտեղ լուրջ բան կար, որ պետք էր զեկուցել, չեմ կարծում, որ իմաստ կա այդպիսի հարցերի համար ժամանակ ծախսել: Այդ որոշումը գաղտնի չէ, ուղղակի չզեկուցվող է»,-նշեց Վահան Քերոբյանը: