Լուգանսկում հանգիստ է, կրակոցներ չկան․ Դոնբասի կռիվը հենց պրծավ, հերթը Ալիևին է հասնելու․ Լուգանսկի հայերի միության ներկայացուցիչ
Լուգանսկում վերջին օրերին հանգիստ է, կրակոցներ չկան, ժողովուրդն արդեն տներից դուրս են գալիս, պարետային ժամը 23։00-ից մինչև առավոտվա 5-ն է։ Այս մասին Сivic.am-ի հետ զրույցում ասաց Լուգանսկի հայերի միության ներկայացուցիչ Վարդան Հայրապետյանը։

«Լուգանսկի կենտրոնը չի վնասվել մարտերի ժամանակ, ավերածությունները միայն սահմանային գոտու հատվածներում են եղել։ Լուգանսկը նախքան այս պատերազմը 2 կեսի էր բաժանված։ Շրջանի մի կեսը Ուկրաինայի տիրապետության տակ էր մնացել, մյուս կեսը՝ Լուգանսկի ժողովրդական հանրապետության։ Պատերազմի ընթացքում Ուկրաինայի տիրապետության տակ գտնվող հատվածի 50 տոկոսից ավելին արդեն Լուգանսկի ժողովրդական հանրապետության տիրապետության տակ է։ Լուգանսկի ազատագրված հատվածում ում հետ խոսում եմ աշխարհն իրանցն է՝ բոլորն ուրախ են»,-նշեց մեր զրուցակիցը։   

Վարդան Հայրապետյանի խոսքով՝ ռուս զինվորները Լուգանսկ չեն մտել․ «Մեր՝ տեղի բանակն էր կռվում Ուկրաինայի դեմ։ Մեր հիվանդանոցները լիքն են վիրավոր զինվորներով։ Ուկրաինայի այն ղեկավարությունը, որը հիմա կա՝ մեր տերիտորիայում ոչ հայերին է պետք, ոչ ռուսներին։ Մեր երեխաները 44 օր մահանում էին, իսկ Զելենսկին ադրբեջանցուն, թուրքին ձեռք գցեց՝ զենք վաճառեց, պատերազմից հետո էլ զանգեց Ալիևին շնորհավորեց, որ պատերազմը հաղթել է։ Այդ ղեկավարն ինձ համար ոչ մի բան է։ Դոնբասի կռիվը հենց պրծավ հերթը Ալիևին է հասնելու»,-ասաց նա։  

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայի դեմ: ՌԴ նախագահի խոսքով՝ Դոնբասի ժողովրդական իշխանություններն են օգնություն խնդրել Ռուսաստանից, և հատուկ ռազմական գործողությունների նպատակը այնտեղ ապրող մարդկանց, այդ թվում՝ ՌԴ քաղաքացիների պաշտպանությունն է, որոնք 8 տարվա ընթացքում Կիևի ռեժիմի կողմից ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: ՌԴ նախագահն իր խոսքում ընդգծել է, որ Մոսկվայի նպատակը Ուկրաինան օկուպացնելը չէ, այլ Ուկրաինայի դեմիլիտարիզացիան և դենացիֆիկացիան:   

Նարա Մարտիրոսյան