15 մլրդ դրամը չէր մտել ԶՊՄԿ, արդյունքում ԶՊՄԿ-ն չէր ստացել շահույթի այդ մասը․ Նախկին տնօրեն Մհեր Պոլոսկովը վճարել է անձնական միջոցներից․ Ռուստամ Բադասյան
«2016 և 2017թթ․ կնքվել են սթիմինգային պայմանագրեր ԶՊՄԿ-ի և Արաբական միացյալ էմիրություններում գտնվող հաշվառված ընկերությունների միջև, ըստ որի խտանյութի օտարումն իրականացվել է միջանկյալ օղակի միջոցով։ Այսինքն վերջնական գնորդի և ԶՊՄԿ-ի մեջտեղում եղել է միջանկյալ օղակ, որի միջոցով օրինակ, եթե խտանյութի միջազգային միջին գինը եղել է 6500 ԱՄՆ դոլարի շրջակայքում՝ պայմանավորվել են, որ այդ միջանկյալ օղակին կվաճառեն օրինակ 2000 ԱՄՆ դոլար։ Այսպիսի պայմանագրերի արդյունքում ԶՊՄԿ-ն չի ստացել շահույթի այդ մասը, որը կստանար հավասար պայմաններում եթե չլիներ միջանկյալ օղակը։ Այսինքն 15 մլրդ չի մտել ԶՊՄԿ, բայց կմտներ եթե իրական պայմաններով վերջնական գնորդին վաճառվեր։ Հիմա արդյունքում 15 մլրդ դրամի պարտավորություն է առաջացել։ Այդ ժամանակ ԶՊՄԿ-ի տնօրենը եղել է Մհեր Պոլոսկովը»,-այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ու ընդգծեց, որ ՀՀ քրեական օրենսգրքում ունենք խրախուսական նորմ, որ եթե ամբողջ գումարը տույժերով վճարվում է՝ ապա քրեական գործը ենթակա է կարճման․ «Եթե քննչական կոմիտեն նման որոշում կայացնի՝ հաղորդագրություն կտարածի»,-ասաց նա։ 

Հիշեցնենք, որ օրերս ՊԵԿ-ից հայտնել էին, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հատկանիշներով քննվող բազմադրվագ քրեական գործի նախաքննության ընթացքում, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված և տվյալ քրեական գործին միացված քրեական գործի քննությամբ հանգամանքներ են պարզվել․ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության նախկին գործադիր մարմնի ղեկավար՝ գլխավոր տնօրեն հանդիսացող անձը, ղեկավարելով ընկերության կողմից կազմակերպված և իրականացված շահույթ հետապնդող ձեռնարկատիրական գործունեությունը, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով, օտարերկրյա պետություններում գրանցված և իր հետ փոխկապակցված ոչ ռեզիդենտ համարվող կազմակերպությունների միջոցով և վերջիններիս անունից հատուկ մշակված և կիրառված սխեմայով, կատարել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ արտադրանքի՝ պղնձի խտանյութի շուկայականից էականորեն ցածր արժեքով մատակարարման գործարքներ, որի հետևանքով ընկերության հարկվող շահույթը պակաս է ցույց տրվել և արդյունքում պետական բյուջե չի վճարվել ավելի քան 15.017.640.469 ՀՀ դրամ հարկեր և վճարներ։

Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված համապատասախան ելակետային տվյալների հիման վրա 2021 թվականի դեկտեմբերի 29-ին կազմվել է ստուգման ակտ և առաջադրվել լրացուցիչ գանձման ենթակա ընդհանուր 15.017.640.469 ՀՀ դրամ պարտավորություններ, որոնք 2022թ.-ին ամբողջությամբ վճարվել են պետական բյուջե: Հատկանշական է, որ 2017-2019թթ. ընկերության իրական հարկվող շահույթը պակաս ցույց տալու հետևանքով հարկերի և վճարների տեսքով պետությանը պատճառված 15.017.640.469 ՀՀ դրամ գումարը՝ տույժերով և քրեական գործով հանդերձ, վերականգնվել է ոչ թե «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գործող ակտիվների հաշվին, այլ՝ սույն քրեական գործով մեղադրյալ ընկերության նախկին գործադիր մարմնի ղեկավարի կողմից՝ վերջինիս անձնական միջոցներից»,-ասված էր հաղորդագրության մեջ։