Պուտինի անխոհեմ գործողություններն ուղղակի սպառնալիք են ողջ Եվրոպայի համար. Ջոնսոն
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի անխոհեմ գործողություններն ուղղակի սպառնալիք են ողջ Եվրոպայի համար, փոխանցում է BBC-ն։

Այս հայտարարությունն արվել է Զապորոժիեի ատոմակայանում գիշերը տեղի ունեցած միջադեպի լույսի ներքո, որտեղ հրետակոծության հետևանքով հրդեհ է բռնկվել։

Մեծ Բրիտանիայի կառավարությունը իրավիճակը չափազանց մտահոգիչ է անվանել։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Բորիս Ջոնսոնը արտակարգ հեռախոսազրույց են ունեցել և պայմանավորվել, որ այժմ գլխավոր առաջնահերթությունն է ստիպել ռուսական կողմին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները ատոմակայանի գոտում։

Ավելի վաղ Լոնդոնը նախաձեռնել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ գումարել, իսկ այժմ, ինչպես հայտնել են Դաունինգ սթրիթի մամուլի ծառայությունից, օրակարգում առաջին պլան է գալու Զապորոժիեի իրավիճակը։