Ռուսական կողմի առաջարկած պայմաններն անընդունելի են. Կիևը հրաժարվել է հումանիտար միջանցքների տրամադրումից
Ռուսական առաջարկին ու պայմաններին համապատասխան մարդասիրական միջանցքների բացումն անընդունելի է ուկրաինական կողմի համար:

Այս դիրքորոշումն այսօր հայտնել է Ուկրաինայի փոխվարչապետ, չվերահսկվող տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկը։

«Սա անընդունելի տարբերակ է մարդասիրական միջանցքների բացման համար»,- TACC-ի փոխանցմամբ՝ ասել է նա ճեպազրույցում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հետ, պայմանավորվել հումանիտար միջանցքների շուրջ և հայտնել այդ մասին Զելենսկիին:

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերն այսօր առավոտյան հայտարարել են լռության ռեժիմ և առավոտյան ժամը 10:00-ից (ՀՀ ժամանակով՝ 11:00) խոստացել բացել մարդասիրական միջանցքներն Ուկրաինայի չորս քաղաքներից՝ Կիևից, Խարկովից, Սումիից և Մարիուպոլից՝ պայմանով, որ մարդկանց դուրս բերումը կվերահսկվի ռուսական անօդաչու թռչող սարքերով: