Կիև քաղաք մտնում են սննդի և դեղորայքի խոշոր ավտոմեքենաներ, քաղաքում սով չէ. Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ․ ձայնագրություն
«Կիևի մերձակայքում լսվում են ծանր տեխնիկայի, հրետանիների ձայները։ Գիշերը լարված է եղել, բայց հիմա համեմատաբար հանգիստ է»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը, որը հիմա գտնվում է Ուկրաինայի Կիև քաղաքում։ 

«Կիևի կենտրոնական մասերում սննդի, դեղորայքի խնդիր չկա, իսկ մերձակայքում վտանգի տակ են խանութներն ու դեղատները և չեն բացվում, տրանսպորտը լավ չի աշխատում, մարդիկ փորձում են միջոցներ գտնել՝ հասնելու համար քաղաքի կենտրոնական մասեր, գնումներ կատարելու և վերադառնալու համար իրենց ապաստարանները։ Կան վայրեր, որ սննդի խնդիր կա, բայց չեմ կարող ասել՝ սով է. քաղաք մտնում են խոշոր ավտոմեքենաներ սնունդով ու դեղորայքով և փորձում են բավարարել»,- նշեց մեր զրուցակիցը։ 

Դավիթ Մկրտչյանի խոսքով՝ այս պահի դրությամբ միայն Կիև-Օդեսա մայրուղին է գործում, և ով հնարավորություն ունի, այդ մայրուղով դուրս է գալիս, ինչպես նաև պետության կողմից կազմակերպված է տարհանում երկաթուղու միջոցով՝ դեպի Ուկրաինայի արևմուտք, դեպի Լեհաստան ուղղություններով։ 

«Ուկրաինայի կենտրոնական մասերում եթե չկան օդային բախումներ, ռմբակոծություններ՝ անվտանգ է քայլելը, բայց իշխանությունն անընդհատ հայտարարություն է անում, որ ամեն վայրկյան կարող է վտանգ սպառնալ մարդկանց»,- ասաց Ուկրաինայի հայերի միության փոխնախագահն ու ընդգծեց, որ  քաղաքում վառելիքի մեծ խնդիր կա՝ բենզալցակայանների գրեթե 90 տոկոսը փակ է։ 

«Կիևում շատ ընտանիքներ չեն պատրաստվում դուրս գալ մարզից։ Կիև քաղաքում քաղաքացիական ենթակառուցվածքները շատ չեն վնասվել։ Շատ է վնասվել Մարիուպոլ քաղաքը, Վոլնովախան քարտեզի վրայից գրեթե  վերացել է, Խարկով, Սումի քաղաքներն են շատ վնասվել, Չեռնիգովի մերձակայքն է ծանր հրետանիներից ռմբակոծվել»,-ներկայացրեց Դավիթ Մկրտչյանը։ 

Հարցին՝ որքանո՞վ են հավաստի այն տեղեկությունները, որ ռուսական զորքը տանկերով մտել է Կիև, մեր զրուցակիցն արձագանքեց. «Այս պահին նման բան չկա։ Ես էլ ունեմ տվյալներ, որ հյուսիսից մեծ քանակի զորքով փորձում են քաղաքը շրջափակել, թե դա քանի օր կամ ժամ կտևի՝ ես դա չեմ կարող ասել։ Այդ տվյալները պետական աղբյուրներից ենք վերցնում»։

Դավիթ Մկրտչյանը նշեց, որ երեկվա դրությամբ Կիևում ազգությամբ հայերի մեջ վիրավորներ և զոհեր չկան։   

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ ռազմական գործողություն սկսեց Ուկրաինայի դեմ: ՌԴ նախագահի խոսքով՝ Դոնբասի ժողովրդական իշխանություններն են օգնություն խնդրել Ռուսաստանից, և հատուկ ռազմական գործողությունների նպատակը այնտեղ ապրող մարդկանց, այդ թվում՝ ՌԴ քաղաքացիների պաշտպանությունն է, որոնք 8 տարվա ընթացքում Կիևի ռեժիմի կողմից ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: ՌԴ նախագահն իր խոսքում ընդգծել է, որ Մոսկվայի նպատակը Ուկրաինան օկուպացնելը չէ, այլ Ուկրաինայի դեմիլիտարիզացիան և դենացիֆիկացիան:   

Նարա Մարտիրոսյան

Մանրամասն՝ ձայնագրությունում։