Ուկրաինայում պատերազմի ընթացքում զոհվել է 516 խաղաղ բնակիչ, որոնցից 23-ը՝ երեխա, ևս 908-ը վիրավորվել է․ ՄԱԿ
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալով՝ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության ընթացքում զոհվել է 516 խաղաղ բնակիչ, որոնցից 23-ը՝ երեխա, ևս 908-ը վիրավորվել է։

Երկրի մի շարք շրջաններում ստեղծվել է ծանր հումանիտար իրավիճակ: Բնակիչները շարունակում են լքել իրենց տները. շատերը ապաստան են գտնում հարևան երկրներում: Միգրացիայի միջազգային կազմակերպությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հետո Ուկրաինայի տարածքը լքել է ավելի քան 2 միլիոն մարդ, այդ թվում՝ երրորդ երկրների ավելի քան 100,000 քաղաքացի։

Շուրջ 1,5 մլն փախստական է Ուկրաինայից անցել Լեհաստան։ Երկրի սահմանապահ ծառայության փոխանցմամբ՝ միայն այսօր սահմանը հատել է 20 000-ից ավելի մարդ։

Վլադիմիր Զելենսկու խոսքով էլ՝ նախօրեին Ուկրաինայում առանձին շրջաններից հումանիտար միջանցքներով տարհանվել է ավելի քան 60000 մարդ։