Դոնեցկում 2015թ․-ից սկսած ամենօրյա հրետակոծություններ են, բայց այսօրվա Մարիուպոլի կամ Կիևի մերձակա տարածքների համեմատ՝ հանգիստ է․ Տեր Նարեկ քահանա
«Ընտանիքս Ուկրաինայի Խարկով քաղաքում էր ապրում, պատերազմի ժամանակ երբ առաջին միջանցքը բացվեց, դուրս եկան Խարկովից ու հիմա Ռումինիայում են՝ կես օրվա ճանապարհը 4 օրում անցան. խնդիրն այն էր, որ բոլորը Խարկովի տարածաշրջանից դեպի արևմուտք էին գնում՝ խցանումներ էին»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանա Ամիրյանը, ով բնակվում է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Մակեևկա քաղաքում։ 
«Մեր հայ համայնքները հայերի համար կազմակերպել էին կրոնական, մշակութային վայրերում գիշերակացի հնարավորություն, այդ վայրերից օգտվել են նաև այլ ազգերի ներկայացուցիչները։ Իմ ընտանիքը 3 գիշերակացով է հասել է Ռումինիա, բայց այնտեղ ժամանակավոր կմնան, որովհետև Ռումինիան էլ սահմանափակում ունի փախստականներ ընդունելու»,- հավելեց մեր զրուցակիցն ու ընդգծեց, որ իր ընտանիքի անդամները Խարկովում 4 օր նկուղում են ապաստանել։

Տեր Նարեկ քահանա Ամիրյանը նշեց, որ Դոնեցկում հանգիստ է, բայց իր ընտանիքը չէր կարող Ուկրաինայից գալ Դոնեցկ, այդ իսկ պատճառով այլ ուղղություն են ընտրել: «Դոնեցկում 2015թ.-ից սկսած նույն իրավիճակն է, ամենօրյա հրետակոծություններ են, երբեմն ուժգնանում է՝ հրթիռային պայթյուններ ենք լսում, բայց եթե համեմատենք Մարիուպոլի կամ Կիևի մերձակա տարածքների հետ, այստեղ հանգիստ է, որովհետև այնտեղ շատ ծանր է իրավիճակը»,- ասաց Տեր Նարեկ քահանան։  

Հարցին՝ ի՞նչ տրամադրվածություն է այդտեղի ժողովրդի մոտ, իրենց տեսակետով՝ այսքան տարիների ընթացքում ո՞ր կողմն է հրետակոծություններ հրահրողը՝ Ուկրաինա՞ն, թե՞ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը, Տեր հայրը նշեց, որ հազարավոր կարծիքներ են հնչում, և միանշանակ պատասխան տալն անհնար է. «Սատանան հրահրեց, որտեղ սատանա՝ այնտեղ պառակտում և պատերազմ»։  

Մեր զրուցակիցը պատմեց, որ երբ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ճանաչում է Դոնեցկի ու Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը, ժողովրդի տարհանում է եղել. «Շատ հայ ընտանիքներ իրենց կանանց, երեխաներին ու տարեցներին ապահով վայր տարհանեցին՝ Ռուսաստանի Դաշնության իրենց բարեկամների մոտ։ Իսկ այս օրերին հանգիստ վիճակ է, շփման գիծն է թեժ, այնտեղ էլ կան հայեր, բայց կապի մեջ ենք՝ հանգիստ են իրենք։ Ճիշտ է, նախկին աշխուժությունը չկա, բայց մեզ մոտ քաղաքացիական ենթակառուցվածքները գործում են, և չի զգացվում, որ պատերազմական վիճակ է։ Եկեղեցին ևս գործում է, բայց ես խնդրել եմ ժողովրդին անվտանգությունից ելնելով չգան եկեղեցի և աղոթեն տանից»։ 

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ ռազմական գործողություն սկսեց Ուկրաինայի դեմ: ՌԴ նախագահի խոսքով՝ Դոնբասի ժողովրդական իշխանություններն են օգնություն խնդրել Ռուսաստանից, և հատուկ ռազմական գործողությունների նպատակը այնտեղ ապրող մարդկանց, այդ թվում՝ ՌԴ քաղաքացիների պաշտպանությունն է, որոնք 8 տարվա ընթացքում Կիևի ռեժիմի կողմից ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: ՌԴ նախագահն իր խոսքում ընդգծել է, որ Մոսկվայի նպատակը Ուկրաինան օկուպացնելը չէ, այլ Ուկրաինայի ապառազմականացումն է:  

Նարա Մարտիրոսյան