Ծովագյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները անհատ ձեռնարկատեր Մարինե Սիմոնյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, գ․ Ծովագյուղ) իրականացրած ստուգման ընթացքում հայտնաբերել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ: Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:


 

Մասնավորապես՝

- արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը և չափսերը չեն ապահովել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառնությունների հոսքայնության հնարավորությունը, տեխնոլոգիական գործառնությունների իրականացման համար անհրաժեշտ տարածությունը,


- արտադրամասը սարքավորված չի եղել մեխանիկական օդափոխության միջոցներով,


- հատակների մակերևույթները չեն պահվել նորոգ վիճակում, սալիկները որոշ հատվածներում կոտրված են եղել, ինչը թույլ չի տվել հեշտորեն լվանալ, ախտահանել, ցամաքեցնել,


- պատերի մակերևույթների վերին հատվածները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, որոնք կարելի է լվանալ և ախտահանել,



- առաստաղները չեն կանխարգելել մակերևույթներից և կառուցվածքներից մասնիկներ թափվելու հնարավորությունը,


- սննդի կառույցը ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով։

 


Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ: