Լրագրող Փայլակ Ֆահրադյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել. նրա և Հ. Արշակյանի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ դեռ քրգործ հարուցված չէ
Լրագրող Փայլակ Ֆահրադյանը իր և Բարձրագույն տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Ոստիկանությունում: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Ֆահրադյանը:
Հիշեցնենք, որ երեկ Փայլակ Ֆահրադյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերի միջոցով հայտնել է, որ Հակոբ Արշակյանը հարձակվել է իր վրա ու հարվածել: Լրագրողի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել Երևանում գործող սրճարաններից մեկում, սրճարանում ինքը մոտեցել է նախարարին ու հարցրել, թե ինչու է վերջինս աշխատանքային ժամը որոշել անցկացնել սրճարանում: Արշակյանը նախ ասել է, որ գիշերային ժամերին է աշխատում, իր համար բոլոր ժամերն աշխատանքային են, որից հետո խնդրել է անջատել տեսախցիկը, ապա սկսել սպառնալ իրեն: Լրագրողը բարձրացել է սրճարանի երկրորդ հարկ և սկսել աշխատել։ Հակոբ Արշակյանը լրագրողի հետևից բարձրացել է ու հարվածել նրան, ինչպես նաև կոտրել վերջինիս համակարգիչը։
Միջադեպի մասին հայտնի դառնալուց ժամեր անց «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտարարություն է տարածել նաև Հակոբ Արշակյանը:
«Սիրելի՛ հայրենակիցներ, միջադեպի հետ կապված նախ և առաջ ցանկանում եմ հայտնել, որ դեմ եմ ցանկացած բռնության և առաջնորդվում եմ հարցերի քաղաքակիրթ մեթոդներով լուծման սկզբունքով։
Յուրաքանչյուր քաղաքացի ունի անձնական և ընտանեկան կյանքի անձեռնամխելիության իրավունք։ Մեր հասարակության ցանկացած մասնակից, լինի պաշտոնյա, թե լրագրող առաջին հերթին մարդ է, ունի էմոցիաներ և նրբանկատ է հատկապես ընտանիքին վերաբերվող ցանկացած հարցում։
Ցանկանում եմ ներողություն խնդրել միջադեպին ներկա բոլոր քաղաքացիներից, բոլոր նրանցից, ում հանգիստն իմ արարքով խաթարել եմ։
Վերջում ցանկանում եմ նշել, որ պատրաստ եմ կրել պատասխանատվություն միջադեպի կապակցությամբ»,- գրել է Արշակյանը:
Միջադեպի վերաբերյալ հրապարակված նյութերը Դատախազությունն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն: Ենթադրվում է, որ Ոստիկանությունը նույնպես Ֆահրադյանի հաղորդումը կուղարկի ՀՔԾ, սակայն այս պահի դրությամբ դեռևս ՀՔԾ-ում նյութեր չեն ստացվել, ուստի առկա չէ քրեական գործ հարուցելու կամ չհարուցելու վերաբերյալ որոշում:
Նշենք, որ երեկ միջադեպին անդրադարձել է նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Միջադեպի հետ կապված՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից համապատասխան գրություն է ուղարկվել Գլխավոր դատախազություն: