Արաբ գործարարը զրպարտություն է համարում իրեն ԶԼՄ-ում ադրբեջանցի ներկայացնելը․ նա դիմել է իրավապահներին, կդիմի նաև դատարան. տեսանյութ
Հորդանանում ծնված ագզությամբ արաբ գործարար Թայսոն Հայթման Դամրան 2019 թվականին որոշեց գալ Հայաստան և այստեղ բիզնես հիմնել Արարատի մարզի Սուրենավան գյուղում ու Ծաղկաձորում։

Սակայն օրերս «Փաստինֆո» լրատվական կայքում հրապարակվել է մի հոդված, թե ըստ Սուրենավանի մի անանուն բնակչի ենթադրության, Թայսոն Դամրան իրականում ադրբեջանցի է։ Արաբ գործարարը վիրավորվել է այս վերաբերմունքից և զրպարտությունից, և հերքում է պահանջում՝ պնդելով, որ ինքը ոչ թե ադրբեջանցի է, այլ արաբ։

«Լսեցի, որ Հայաստանի վարչապետ պարոն Փաշինյանն ասել է, թե պետք է խրախուսել ներդրողներին, որոշեցի գալ Հայաստան և բիզնես դնել։ Սուրենավանում գնել եմ 11 հեկտար հողատարածք, հիմնել եմ ծիրանի այգիներ, ինչպես նաև հիմնել եմ հատուկ տեխնոլոգիաներով օրգանական թռչնաֆաբրիկա, զբաղվում եմ թռչնաբուծությամբ։ Բացի դա, նաև հողատարածք եմ գնել Կոտայքի մարզում, որտեղ այս պահին ընթանում են հյուրանոցային քոթեջների կառուցման աշխատանքներ»,- Civic.am-ին պատմեց Թայսոն Դամրան՝ շարունակելով․ «Այդ լրագրողը զանգահարեց ինձ հարցրեց, թե ինչով եմ զբաղվում, ես էլ նույնն ասաացի, ինչ ձեզ եմ պատմում։ Նա վերցրել է ու հաստատված գրել, թե ես ադրբեջանցի եմ, ու դա վնասեց իմ գործարար համբավին։ Եվ չեմ հասկանում, թե ինչու նման բան հրապարակեցին իմ մասին։ Գուցե գումար են ուզում աշխատել այսպիսի բաներ հրապարակելով»։

Նա նաև նշեց, որ ունի արաբ գործարար ընկերներ, որոնք ևս հետաքրքրված են Հայաստանով և ցանկանում են այստեղ բիզնես հիմնել, սակայն եթե իմանան, որ այստեղ գործարարների մասին նման կեղծիք են հրապարակում, այլևս չեն ցանկանա այստեղ ներդրում անել։  

«Ես Սուրենավանի բնակիչների հետ ունեմ շատ լավ հարաբերություններ, մեզ մոտ աշխատում են գյուղի բնակիչները, ինչո՞ւ էր պետք փորձել լարվածություն առաջացնել իմ և գյուղի բնակիչների միջև»,-հարց ուղղեց ներդրողը: Նրա խոսքով՝ հոդվածում նաև եզրակացրել են, որ եթե ինքը ռուսերեն գիտի, ուրեմն հաստատ ադրբեջանցի է, ոչ թե արաբ։

«Ես իհարկե անգլերեն ավելի լավ եմ խոսում, բայց Հայաստանում ավելի լավ ռուսերեն գիտեն, ինչպե՞ս շփվեմ հայերի հետ, եթե ոչ՝ ռուսերենով»,-նշեց արաբ գործարարը։ 

Մենք զրուցեցինք նաև Թայսոն Հայթման Դամրայի ներկայացուցիչ Հովսեփ Ավագյանի հետ, որը նրան օգնում է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հարցում։ 

Հովսեփ Ավագյանն ասաց, որ ինքը զրուցել է նյութը հրապարակած լրագրողի հետ և նրան ասել է, որ չի կարող մի օտարերկրացի երկու տարի շփվել տեղացիների հետ ու որևէ հայ չհասկանա՝ նա լրտե՞ս է, թե՞ ոչ։ Իսկ եթե ինքը կասկածեր, որ Թայսոն Դամրան լրտես է, առաջինը նրան կհանձներ անվտանգության մարմիններին։

Խնդրի վերաբերյալ Թայսոն Դամրան դիմել է իրավապահներին, ինչպես նաև պատրաստվում է  դիմել դատարան, բայց եթե լրատվամիջոցը երեք օրվա մեջ հերքում տպագրի ու ներողություն խնդրի իր անձն ու բիզնես համբավն արատավորելու համար, ապա դատարան չի դիմի։  

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան