Այսօր՝ մարտի 17-ին, Կառավարության հերթական նիստում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, անդրադառնալով հանրային ներդրումներին առնչվող հարցին, ասաց. «Այս գործընթացը իսկապես խոշոր ռեֆորմ է: Մեզ երբեմն ասում են, թե մենք ռեֆորմներ չենք անում, բայց սա շատ խոշոր ռեֆորմ է, և մենք հանրային ներդրումների արդյունավետությունը կտրուկ բարձրացնում ենք»:
Արձագանքելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Էդ ո՞վ է ասում, որ մենք ռեֆորմներ չենք անում: Մեր նիստի այսօրվա երկու թեմաները ամենախոշոր ռեֆորմների մասին են»:
Վարչապետը, խոսելով բարեփոխումների մասին, նշեց, որ երեկվանից ուժի մեջ է մտել հանրային սննդի օբյեկտներում ծխելու արգելքի վերաբերյալ որոշումը, որը կարևորագույն ռեֆորմ է. «Ռեֆորմները և առողջապահական են, և քաղաքակրթական են, և կառավարչական են: Սա շատ կարևոր ուղղություն է, և ես հույս ունեմ, որ մենք այս ճանապարհը կշարունակենք»:
Ադրադառնալով աղի օգտագործման վերաբերյալ ռեֆորմին՝ նա ասաց. «Ծխելու, աղի օգտագործման բոլոր ստանդարտները մենք կրկնակի, եռակի գերազանցում ենք, հետո կանգնում ենք առողջապահական խնդրի առաջ և բյուջեից հսկայական գումար ենք ծախսում: Մեր ռազմավարական մոտեցումն է առողջ ապրելակերպը, և մենք գնալու ենք այս ճանապարհով, ինչը հեշտ ճանապարհ չէ»: