Ռուսական բանակն արդեն երկու շաբաթ է, ինչ օդային և հրետանային հարվածներ է հասցնում շրջափակված Մարիուպոլի վրա։
Քաղաքային խորհուրդը նշում է, որ օրական միջինը 50-ից 100 ավիառումբ է նետվում քաղաքի վրա: Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ չորեքշաբթի օրը այդ ռումբերից մեկն ավերել է քաղաքային դրամատիկական թատրոնի շենքը, որի նկուղում հարյուրավոր խաղաղ բնակիչներ են եղել պատսպարված։ Սկզբում մտավախություն կար, որ դա հանգեցրել է զգալի զոհերի, բայց հետո ապացույցներ եղան, որ ռմբապաստարանում պատսպարվածները ողջ են մնացել, և փրկված մարդիկ սկսել են հեռանալ այնտեղից:
Ընդհանուր առմամբ, ուկրաինական մյուս շրջանների համեմատությամբ, այժմ հումանիտար ծայրաստիճան իրավիճակ է հենց Մարիուպոլում: Հաշվի առնելով այն, որ քաղաքում մնացել է միայն մեկ գործող հիվանդանոց, այն աշխատում է քսանակի գերբեռնված վիճակում, վիրավորում ստացած քաղաքացիներ են ամենուր՝ մուտքից մինչև միջանցքներ, իսկ նկուղային հարկն ամբողջությամբ լցված է դիերով: Դրանք վիրավորներն են, որոնց կյանքը չի հաջողվել փրկել: Ընդ որում, նկուղային հարկի դիերի թվում կան նորածիններ, մանկահասակ երեխաներ, պատանիներ, կանայք ու տղամարդիկ՝ առանց տվյալների:
Քաղաքում կաթվածահար է ամեն բան ու հնարավոր չէ պատշաճ կազմակերպել այդ դիերի ոչ պահման ու պահպանման, ոչ նույնականացման, ոչ էլ անգամ հուղարկավորման խնդիրը, քանի որ անգամ քաղաքի գերեզմանոցներին հասանելիություն չկա:
Մարիուպոլում գրեթե չեն գոծում մթերային խանութները, ավերված է ամե բան, մարդիկ զրկված են էլեկտրաէներգիայի ու ջրի հասանելիությունից, կա կապի բացակայություն:
Երեկ առավոտյան Գերագույն Ռադայի պատգամավոր Սերխի Տարուտան ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Մարիուպոլի ռմբակոծված դրամատիկական թատրոնի տակ գտնվող ապաստարանում մարդիկ ողջ են մնացել.
«Սկսել են փլատակներ քանդել, մարդիկ ողջ դուրս են գալիս»,- հավելել էր նա:
Դրանից հետո ողջ մնացածների մասին նոր տեղեկություն չկար. ըստ իշխանությունների և ուկրաինացի զինվորականների, դժվար է այն ձեռք բերել՝ շարունակվող ռազմական գործողությունների պատճառով, քանի որ արտակարգ իրավիճակների ծառայությունները հնարավորություն չունեն մոտենալ հրետակոծվող օբյեկտներին կամաշարժվել կրակի տակ:
«Երեկ և այսօր, չնայած մշտական հրետակոծություններին, հնարավորության սահմաններում շարունակվում են փլատակների հեռացումը և մարդկանց փրկությունը», - գրել է Մարիուպոլի քաղաքային խորհուրդը իր տելեգրամ- ալիքում՝ հավելելով, որ զոհերի մասին տեղեկությունները դեռ ճշտվում են»։
Միևնույն ժամանակ, Մարիուպոլի քաղաքապետի խորհրդական Պետր Անդրյուշչենկոն հինգշաբթի երեկոյան իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ավելի վաղ քաղաքական գործիչներն ասում էին, որ նկուղում գտնվող մարդիկ ողջ են, սակայն հրետակոծության պատճառով նրանց հնարավոր չէ դուրս բերել, ողջերի թվի մասին հաստատում չկա, տրամադրությունները զուսպ են և լավատեսական, բայց առանց հաստատման անպատասխանատու է նման լուրերը հանրության մեջ նետելը»:
Մարիուպոլի իշխանությունների տվյալներով՝ քաղաքում ավելի քան 350 հազար մարդ այժմ թաքնվում է նկուղներում հրետակոծություններից և ռմբակոծություններից։
Քաղաքային խորհուրդը հայտարարել է, որ Մարիուպոլի բնակֆոնդի մոտ 80%-ը ավերվել է, որից գրեթե 30%-ը հնարավոր չէ վերականգնել:
Քաղաքի վրա հարվածները շարունակվում են արդեն 16 օր, սակայն խաղաղ բնակիչների տարհանման միջանցքները միայն վերջերս են սկսել գործել։ Մարիուպոլը հասցրել է թողնել է մոտ 30 հազար մարդ։ Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ պատերազմի սկզբից քաղաքում 2400 խաղաղ բնակիչ է զոհվել։
Ավիահարվածների պահին դրամատիկական թատրոնի շենքում, ըստ քաղաքային իշխանությունների, թաքնվել է մինչև 1200 խաղաղ բնակիչ։ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը 500-700 մարդու մասին է հայտարարել՝ նկատի ունենալով այն մարդկանց փոխանցած տվյալները, ովքեր սնունդ, ջուր և դեղորայք են հասցրել թատրոն։
Թատրոնի նկուղային հարկում պատսպարված անձինք առաջին 10 օրերին դրսից սնունդ չեն ստացել, հետո սեփական դաշտային խոհանոց են նախաձեռնել ու արդեն հասած սնունդը բաժանել օրերի՝ խնայողության համար:
Թատրոնի շենքը ավերած պայթյունը որոտացել է մարտի 16-ին. Մարիուպոլի քաղաքային խորհուրդը հայտնում է, որ շենքը միտումնավոր թիրախավորվել է, և ռուսական զորքերը «դիտավորյալ և ցինիկ կերպով ավերել են Մարիուպոլի սրտում գտնվող դրամատիկական թատրոնը»։
Քաղաքային խորհուրդը ՌԴ-ին մեղադրում է ցեղասպան քաղաքականության մեջ:
Որոշ ժամանակ անց հրապարակվել է «Maxar» կոմերցիոն ընկերության արբանյակային լուսանկարը, որը ցույց է տալիս, որ թատրոնի շենքի երկու կողմերում ասֆալտին մեծ գրված է «երեխաներ» գրությունը։
Փորձագետները, սակայն, հիշեցնում են, որ օդային հարվածի դեպքում օդաչուները սովորաբար կենտրոնանում են թիրախի կոորդինատների վրա, այլ ոչ թե գետնի վրայի մակագրությունների վրա։
«Քանի դեռ մենք ավելի մանրամասն տեղեկություններ չունենանք, մենք չենք կարող բացառել, որ թատրոնի տարածքում ուկրաինական ռազմական թիրախ է եղել: Բայց մենք հաստատ գիտենք, որ թատրոնում առնվազն 500 խաղաղ բնակիչ է եղել»,- ասել է HRW-ի հակամարտությունների մասնագետ Բելկիսը:
Ռուսաստանը պաշտոնապես հերքում է, որ հրետանու հարված է հասցրել Մարիուպոլի դրամատիկական թատրոնին։
Մարտի 16-ի ցերեկը ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ օրվա սկզբից «չի կատարել Մարիուպոլ քաղաքում ցամաքային թիրախների ուղղությամբ հարվածների հետ կապված որևէ առաջադրանք»։
Ռուսաստանը պայթյունի պատասխանատվությունը բարդել է ուկրաինացի զինվորականների վրա, որոնք իբր ականապատել են թատրոնի շենքը և իրենք պայթեցրել այն քարոզչական նպատակներով։
«Քաղաքից փախած փախստականներից հավաստի տեղեկություններ կան, որ «Ազովի» ազգային գումարտակի գրոհայինները որպես պատանդներ են պահել խաղաղ բնակիչներին թատրոնի շենքում: Մենք վստահ ենք, որ արմատականները արյունալի սադրանք են կատարել՝ պայթեցնելով ականապատ մշակութային օբյեկտ»,-հայտարարել է են ռուսական լրատվամիջոցները՝ ցիտելով որպես Մարիուպոլի փախստական ներկայացած անձանց խոսքերը:
Ավելի վաղ Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկը հայտնել էր, որ ռուս զինվորականները Մարիուպոլի և իրենց կողմից տարհանված շրջանի բնակիչներից պահանջել են տեսաուղերձներ ձայնագրել՝ պահանջելով տեսախցիկի առաջ պատմել, թե ինչպես Ազովի գունդը թույլ չի տվել բնակիչներին քաղաքից դուրս գալ:
Ի դեպ, Իտալիայի իշխանությունները խոստացել են օգնել դրամատիկական թատրոնի վերականգնման գործում՝ հոգալով Ֆինանսական ծախսերը:
Եթե թատրոնը վերականգնվի, այն կլինի արդեն մշակույթի կենտրոնի երերորդ շենքը՝ 1887 թվականի կառուցումից ի վեր:
Աղբյուր՝
armtimes.com