Meta-ի օգտագործումը չի կարող ծայրահեղականություն ճանաչվել ՌԴ-ում․ Դատախազ
Ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Meta Platforms-ի արտադրանքի օգտագործումը, որը ներառում է Facebook, Instagram և WhatsApp-ը, չի կարող ճանաչվել որպես ծայրահեղականություն։ Այս մասին հայտարարել է Մոսկվայի Տվերսկոյի շրջանային դատարանի դատախազը, որտեղ քննարկվում է Մետային ծայրահեղական կազմակերպություն ճանաչելու և Ռուսաստանի Դաշնությունում նրա գործունեությունը արգելելու մասին գլխավոր դատախազության դիմումը։
«Մետայի արտադրանքի օգտագործումը ֆիզիկական անձանց և կազմակերպությունների կողմից չպետք է դիտվի որպես մասնակցություն ծայրահեղական գործունեությանը», - ասել է նա։ «Մարդիկ պատասխանատվության չեն ենթարկվի միայն այն բանի համար, որ օգտվում են Meta-ի ծառայություններից»,- պարզաբանեց դատախազը։
Դատախազի խոսքով՝ Մետային կարգելեն բիզնեսով զբաղվել Ռուսաստանում։ «Մետա»-ն չի կարողանա մասնաճյուղեր բացել և կոմերցիոն գործունեություն ծավալել»,- ասաց նա։ «Խոսքը ընկերության գործունեության, նրա բիզնես կառույցների արգելման մասին է»,- պարզաբանեց դատախազը։
Գլխավոր դատախազությունը պահանջում է արգելել Ռուսաստանում Instagram, Facebook սոցիալական ցանցերը և WhatsApp մեսենջերը կառավարող ընկերության գործունեությունը։ Այս կոչի պատճառ է դարձել մի շարք երկրների բնակիչների՝ Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ բռնության կոչեր պարունակող տեղեկություններ տեղադրելու արգելքի ժամանակավոր վերացումը։
Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ռուսաստանցիների նկատմամբ բռնության և սպանության դրդելու դեպքի առթիվ՝ կապված ընկերության աշխատակիցների գործողությունների հետ։ Ավելի վաղ Ռոսկոմնադզորն արդեն սահմանափակել էր Instagram-ի և Facebook-ի աշխատանքը Ռուսաստանում։ Որոշվել է չսահմանափակել WhatsApp մեսենջերի աշխատանքը։