Հայաստանն ընտրական ավտորիտարիզմից անցել է ընտրական ժողովրդավարության․ Փաշինյանի պնդումը ճիշտ է. fip.am
Մարտի 21-ին Ազգային ժողովում կայացած լսումների ժամանակ հեռուստալրագրող Աբրահամ Գասպարյանն անդրադարձել է մարտի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը, թե «Հայաստանը մտել է ժողովրդավարական երկրների բարձրագույն լիգա»։ Ըստ Գասպարյանի՝ Փաշինյանը «ստում է»։ 

«․․․ Կառավարության նիստում [Փաշինյանը-խմբ․] հայտարարեց, որ Հայաստանը մտել է ժողովրդավարական երկրների բարձրագույն լիգա։ Հետազոտությունը, որն իրականացրել է Varieties of Democracy կամ V-Dem կազմակերպությունը, որն աշխարհում 200-ի հասնող պետական միավորների դեմոկրատացման ինդեքսներն է հաշվարկում։ Ինքս, որպես այդ կազմակերպության՝ V-Dem-ի հետ մեկ տասնամյակից ավելի աշխատող փորձագետ, պաշտոնապես հայտարարում եմ՝ ստում ես, լկտիաբար ստում ես, այն էլ հերթական անգամ․․․»,- ասել է Գասպարյանը։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը և ստուգեց՝ որքանով է նրա ասածը հավաստի։

2022 թ․ մարտի 10-ի կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր Varieties of Democracy միջազգային ընկերության 2022 թվականի զեկույցին։ Վարչապետը նշել էր, որ «Հայաստանի Հանրապետությունը մուտք է գործել ժողովրդավարական երկրների, պայմանական ասած, բարձրագույն լիգա»։

«Սա, ըստ էության, նշանակում է, որ ժողովրդավարության առումով Հայաստանի Հանրապետության դասակարգման փոփոխություն է տեղի ունեցել։ Այսինքն, նույնիսկ 2018 թվականի ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունից հետո այս կազմակերպությունը շարունակում էր Հայաստանը դիտարկել որպես «ընտրական ավտորիտար» համակարգ ունեցող երկիր, որի իմաստը հետևյալն էր, որ կա ավտորիտար համակարգ, որն ընտրական պրոցեսն ըստ էության օգտագործում է սեփական վերարտադրությունը կազմակերպելու համար։ Այս նոր բնորոշման էությունը հետևյալն է, որ իշխանությունները ձևավորվում են ընտրություններով։ Այսինքն՝ ընտրությունը ոչ թե իշխանության վերարտադրության գործիք է, այլ ընտրությունը իշխանության ձևավորման գործիք է։ Եթե շատ պարզ ձևակերպենք, ըստ էության, կարող ենք արձանագրել, որ 2021 թվականին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններով Հայաստանի Հանրապետությունը մուտք է գործել ժողովրդավարական երկրների, պայմանական ասած, բարձրագույն լիգա»,- ասել էր Փաշինյանը:

Ի՞նչ է ասում Varieties of Democracy-ի զեկույցը

Varieties of Democracy միջազգային ընկերությունը ներկայացնում է 202 երկրների (պետական կազմավորումների) ժողովրդավարության վերաբերյալ համաշխարհային ամենամեծ տվյալների բազան՝ սկսած 1789 թվականից։ Ըստ V-Dem-ի 2022 թվականին հրապարակված զեկույցի՝ Հայաստանն իրոք 2021-ին բարելավել է իր դիրքերը՝

Two countries- Armenia and Bolivia- made democratic transitions from electoral autocracy to electoral democracy in 2021.

Զեկույցի մեկ այլ հատվածում էլ նշվում է, որ երեք երկրներ առաջընթաց են գրանցել։

Three advacing countries are found in Eastern Europr and Central Asia: Armenia, Georgia and Uzbekistan

Զեկույցում նաև նշվում է, որ վերջին 10 տարում Հայաստանը էականորեն բարելավել է նաև ընտրական կառավարման մարմինների ինքնուրույնությունը։

Armenia and Sri Lanka have moved from being electoral autocracies in 2011 to electoal democracies in 2011 

Եվ որ այս քննարկման համար ամենաէականն է, զեկույցում նշվում է, որ Հայաստանը ընտրական ավտորիտարիզմից անցել է ընտրական ժողովրդավարության։ 

In Armenia, Malaysia and Seychelless for instance, there was signficant improvement in autonomy of elexctoral managment bodies in the last 10 years

Այսպիսով՝ կառավարության նիստում վարչապետի հիշատակած զեկույցից մեջբերումները համապատասխանում են իրականությանը․ հեռուստամեկնաբան Աբրահամ Գասպարյանի պնդումը ճիշտ չէ։

Աղբյուր՝ fip.am