Ուկրաինայի Մարիուպոլ, Իրպեն և Բուչա քաղաքներում դիերն օրերով մնացել են փողոցներում, ռուսական զորքը 8 կմ է հեռու Կիևից. Դավիթ Մկրտչյան
«Չնայած Կիևի վիճակը ծանր է ռմբակոծությունների հետևանքով, զոհեր կան, բայց լույս, ջուր և գազ ունեն քաղաքացիները՝ ի տարբերություն այլ վայրերի: Ապաստարաններում ապահով է, մարդիկ ստանում են սնունդ և բժշկական առաջին օգնություն, հատկապես մետրոյի կայարաններում»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը, որն այս պահին գտնվում է Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի մերձակայքում: 

Նա ընդգծեց, որ ռուսական զորքն անմիջապես Կիևի մերձակայքում է՝  մոտ 8 կմ հեռավորության վրա, Իրպեն, Բուչա, Հոստոմել քաղաքներում: 

«Մարիուպոլ, Իրպեն և Բուչա քաղաքներում թե քաղաքացիական անձանց, թե զինվորների դիերն օրերով մնացել են փողոցներում՝ բաց երկնքի տակ: Այսօր նոր սկսել են հավաքել դիերը»,- հավելեց  Դավիթ Մկրտչյանն ու նշեց, որ այդ քաղաքներում մարտ ամսվա սկզբից ոչ հեռախոսակապ կա, ոչ ինտերնետ, կապ են հաստատում այնտեղի հայ բնակչության հետ, երբ նրանք կարողանում են դուրս գալ քաղաքներից:

«Արդեն մեկ շաբաթ է, ինչ Մարիուպոլից սկսել է դուրս գալ ժողովուրդը, Խարկովից է դժվար դուրս գալը, բայց երբեմն դուրս են գալիս: Իսկ Կիևից դուրս գալը խնդիր չէ՝ Կիև-Օդեսա մայրուղին բաց է, այդ ճանապարհով մարդիկ հասնում են ապահով մարզեր»,- ասաց մեր զրուցակիցն ու հավելեց, որ Մարիուպոլից դուրս են գալիս նրանք, ովքեր ունեն հնարավորություն, քանի որ այնտեղ նաև վառելիքի հետ կապված խնդիր կա. «Բայց կան նաև մադրիկ, որոնք իրենց ավտոմեքենաներով գնում են Մարիուպոլ և քաղաքացիներին տարհանում ապահով վայրեր: Իրպենից և Բուչայից հիմա պետությունը կազմակերպում է տարհանումներ՝  կանաչ միջանցքների միջոցով, որովհետև այնտեղից ինքնուրույն վտանգավոր է դուրս գալը»: 

Ուկրաինայի հայերի միության փոխնախագահի խոսքով՝ Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը ՀՀ քաղաքացիների, ինչպես նաև իրենց հետ կապի մեջ է, փաստաթղթերի հարցով օգնում է ՀՀ քաղաքացիներին: 

Հարցին՝ ուկրաինացիներն ի՞նչ ակնկալիքներ ունեն՝ կո՞ղմ են, որ նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շարունակի ղեկավարել, թե՞ նախընտրում են հանձնվել ու վերջ տալ պատերազմին, մեր զրուցակիցն արձագանքեց. «Ուկրաինայի քաղաքացիները համախմբված են նախագահի շուրջը, չեմ կարող ասել՝ կողմ են Վոլոդիմիր Զելենսկուն, թե դեմ, բայց փաստ է, որ միավորված են»:  

Այսօր արդեն մեկ ամիս է, ինչ Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություններ է սկսել Ուկրաինայի դեմ, ինչի հետևանքով ավերվել են Ուկրաինայի բազմաթիվ քաղաքներ, կան նաև բազմաթիվ քաղաքացիական զոհեր, այդ թվում՝ երեխաներ ու միլիոնավոր փախստականներ: ՄԱԿ-ի տվյալներով՝ փետրվարի 24-ից  մինչև մարտի 22-ը Ուկրաինայից փախել է մոտ 4 մլն մարդ, ինչպես նաև ավելի քան 900 քաղաքացի է զոհվել ռազմական գործողությունների հետևանքով:   

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայի դեմ: ՌԴ նախագահի խոսքով՝ Դոնբասի ժողովրդական իշխանություններն են օգնություն խնդրել Ռուսաստանից, և հատուկ ռազմական գործողությունների նպատակը այնտեղ ապրող մարդկանց, այդ թվում՝ ՌԴ քաղաքացիների պաշտպանությունն է, որոնք 8 տարվա ընթացքում Կիևի ռեժիմի կողմից ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: ՌԴ նախագահն իր խոսքում ընդգծել է, որ Մոսկվայի նպատակը Ուկրաինան օկուպացնելը չէ, այլ Ուկրաինայի ապառազմականացումը:

Նարա Մարտիրոսյան