Կրակոցներ Արարատի մարզում. վիրավորը Արտաշատում հայտնի «Գազի Հովոն» է. shamshyan.com
Այսօր՝ մարտի 28-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով մի քաղաքացի է տեղափոխվել իրենց մոտ: Այս մասին դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետը, ոստիկանության Արտաշատի բաժնի պետը։ Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը հրազենային վնասվածքներ է ստացել պարանոցի, որովայնի և մարմնի այլ հատվածներում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, որ քաղաքացու վրա մի քանի կրակոցներ են արձակել Արտաշատ քաղաքի դրամատիկական թատրոնի մոտ, որտեղ էլ այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում քննիչները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Հովհաննես Ղազարյանն է՝ Արտաշատում հայտնի «Գազի Հովոն»:

Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 34 - 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վիրավորի ամբողջական տվյալները և ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են ատրճանակից կրակված 4 պարկուճ, 1 գնդակ և արնանման հետքեր: