Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամբողջական ելույթը ԱԺ-ում
Ազգային ժողովի մեծարգո նախագահ,Հարգելի փոխնախագահներ,Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ,Կառավարության հարգելի անդամներ.Քննարկում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին 2021 թվականի տարեկան զեկույցը:2021 թվականը ետպատերազմական առաջին տարին էր, եւ տարվա ընթացքում մենք ունեցանք լրջագույն ձախողումներ եւ լրջագույն ձեռքբերումներ: Նախ պիտի խոսեմ ձեռքբերումների մասին, հաջորդիվ կենտրոնանալով ձախողումների վրա, բայց ոչ այնքան կամ ոչ միայն դրանք արձանագրելու, այլեւ Ազգային ժողովի բարձր ամբիոնում գտնվելու պատեհությունը օգտագործելով՝ երկրի բարձրագույն օրենսդիր իշխանության, այսպիսով նաեւ հանրության առաջ ինքնախոստովանություններ անելու, տեղի ունեցած պատերազմի եւ պարտության պատճառահետեւանքային կապերը լուսաբանելու եւ հնարավոր լուծումների մասին խոսակցություն հարուցելու համար:2021 թվականի մեր ձեռքբերումներից անկյունաքարայինը, իհարկե, խորհրդարանական արտահերթ ընտրություններն են: Ինչու՞ եմ այսպես համարում, որովհետեւ աղետալի պատերազմից հետո տեղի ունեցած այդ ընտրությունները ի ցույց դրեցին մեր պետականության ու ժողովրդի դիմակայունությունը, պետականություն ունենալու մեր կամքը, բարձրացրեցին Հայաստանի Հանրապետության միջազգային վարկը եւ արձանագրեցին մեր հավատարմությունը ժողովրդավարությանն ու ժողովրդավարական արժեքներին:Բազմիցս ասել եմ, բայց պատեհ եմ համարում հիմա եւս կրկնել, որ Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ՝ 2021 թվականին ընտրությունները դարձան ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու միջոց, եւ ոչ թե ներքաղաքական ճգնաժամի պատճառ:44-օրյա աղետալի պատերազմից հետո, հանրային հուզումների եւ ալեկոծությունների, հարձակումների եւ սպառնալիքների մթնոլորտում, քաղաքական մեծամասնությունը ժողովրդի՝ բարձրագույն իշխանության կարգավիճակը պահպանելու եւ պաշտպանելու ուժ գտավ իր մեջ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալով:Նախորդ տարի տեղի ունեցած ընտրական գործընթացով Հայաստանը ոչ միայն հաղթահարեց ներքաղաքական ճգնաժամը այլեւ միջազգային ինստիտուտների գնահատմամբ «ընտրական ավտորիտարիզմ» ունեցող երկրների շարքից անցում կատարեց դեպի «ընտրական ժողովրդավարությամբ» երկրների շարք: Սրանով, ըստ էության, Հայաստանը մուտք գործեց պայմանականորեն ասած՝ ժողովրդավարության բարձրագույն լիգա եւ սա կարեւորագույն ձեռքբերում է:2021 թվականի հաջորդ կարեւորագույն ձեռքբերումը, որ ունի ինստիտուցիոնալ նշանակություն, մակրոտնտեսական կայունության ապահովումն էր ետպատերազմական ծանր շրջանում, որը ահագնանում էր նաեւ ներքաղաքական եւ կովիդյան ճգնաժամով, անվտանգային անորոշ միջավայրով ու տագնապներով: Այս պայմաններում ոչ միայն հնարավոր եղավ պահպանել պետական կառավարման ու տնտեսական կայունությունը, այլեւ եվրապարտատոմսերի աննախադեպ (750 մլն ԱՄՆ դոլար) ծավալով տեղաբաշխում իրականացնել՝ բոլոր պետական թողարկումների մեջ ամենացածր տոկոսով: Այսինքն՝ նախկինում տեղի ունեցած բոլոր թողարկումների համեմատ ամենացածր տոկոսով: 2021 թվականին միջազգային հեղինակավոր «Ֆիտչ» և «Մուդիս» վարկանիշային գործակալությունները վերահաստատեցին Հայաստանին տրված «կայուն» հեռանկարով վարկանիշները, վարկունակության մակարդակը գնահատելով որպես «վստահելի»՝ կարևորելով առկա ռիսկերը կառավարելու Կառավարության կարողությունը։«Ստանդարտ ընդ Փուրսը» առաջին անգամ վարկանշավորելով Հայաստանը՝ մեզ շնորհեց «դրական» հեռանկարով վարկանիշ՝ դա հիմնավորելով մակրոտնտեսական կայունությունը պահպանելու, խելամիտ ու հուսալի մակրոտնտեսական քաղաքականություն վարելու Կառավարության կարողությամբ ու գործելակերպով։ Սրանք պատերազմ վերապրած երկրի համար չափազանց բարձր ու կարեւոր գնահատականներ են: Եւ այս գնահատականները հաստատվեցին նաեւ գործնականում, մեր երկրի քաղաքական դիմակայունությանը զուգահեռ ի ցույց դնելով ֆինանսատնտեսական դիմակայունությունը:Եւ որպես արդյունք՝ 2021 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները տարեսկզբին պլանավորվածի նկատմամբ գերակատարվեցին 147 միլիարդ դրամով:Այսինքն՝ ետպատերազմական ճգնաժամային տարում կառավարությունը ոչ միայն չկրճատեց ծախսերը, այլեւ լրացուցիչ ծախսեր ֆինանսավորելու հնարավորություն ունեցավ: Այդ լրացուցիչ ծախսերի մի զգալի մասը ուղղվեց պատերազմից վիրավոր Արցախի սոցիալ տնտեսական խնդիրների լուծմանը: Ու այս ֆոնին, երբ 2020 թվականի նոյեմբերից մինչեւ 2021 թվականի ավարտը կառավարությունը Արցախում իրականացրել է 136 միլիարդ դրամի ծրագիր, իսկ 2022 թվականի բյուջեով 144 միլիարդ դրամի ֆինանսավորում է նախատեսել, մարդիկ կան, որոնց լեզուն պտտվում է ասել, թե Հայաստանը Արցախից ձեռքերը լվացել է: Հայաստանը նախկինում երբեք, կրկնում եմ երբեք այնքան աջակցություն չի ցուցաբերել Արցախին ինչպես հիմա: Բայց այս թեմային առավել մանրամասն կանդրադառնա փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ իր ելույթում:Վերադառնալով 2021 թվականի բյուջետային ցուցանիշներին, պիտի նշեմ, որ հաշվետու տարում կապիտալ ծախսերի աննախադեպ ծավալ ենք իրականացրել՝ տարեսկզբի պլանավորվածի նկատմամբ 100 տոկոս: Հայաստանի պատմության մեջ նման ցուցանիշ երբեք չի եղել: 2021թ. կապիտալ ծախսերի բացարձակ ցուցանիշը նույնպես աննախադեպ էր Երրորդ հանրապետության պատմության մեջ՝ 217.8 միլիարդ դրամ: Ընդ որում, 2021 թվականի կապիտալ ծախսերի մեծությունը շուրջ 24,7 մլրդ դրամով գերազանցել է 2019 թվականի և 65,8 մլրդ դրամով 2018 թվականի նույն ցուցանիշը: Կապիտալ ծախսերի ճշտված պլանի նկատմամբ 2021 թվականի 92,3% կատարողականը վերջին չորս տարիների ամենաբարձր ցուցանիշն է. 2020 թվականին այն եղել է 84,9%, 2019 թվականին՝ 73,5 %, իսկ 2018 թվականին 74,0 %:Որպես արդյունք 2021 թվականի դեկտեմբեր ամսին աշխատատեղերի թվաքանակը կազմել է 659 հազար 471, որը բացարձակ ռեկորդ է Հայաստանի՝ նախորդող շրջանի ողջ պատմության համար: 2020 թվականի նույն ամսվա համեմատ աշխատատեղերի աճը կազմել է 6,1%, 2019 թվականի նույն ամսվա համեմատ՝ 4,9%, 2018 թվականի նույն ամսվա համեմատ՝ 12,1%: Էական աճ է արձանագրել միջին եւ համախառն աշխատավարձը:Կապիտալ ծախսերի ֆինանսավորման մեծացումն ու արդյունավետության բարձրացումը մենք համարում ենք երկրի առաջ ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման կարեւոր գործոններից մեկը, որովհետեւ այդպիսով բացվում են նոր աշխատատեղեր, բարձրանում են աշխատավարձերը: Նաեւ սա է պատճառը, որ 2022 թվականի համար Կառավարությունը նախատեսել է շուրջ 350 մլրդ դրամ կապիտալ ծախսեր, ինչը 60% կգերազանցի նախորդ տարվա կապիտալ ներդրումների գծով ծախսերը: Ուզում եմ ընդգծել, որ մենք ունենք քաղաքական որոշում տնտեսական զարգացման որեւէ սցենարի դեպքում չկրճատել կապիտալ ծախսերը: Հիշեցնեմ, որ բյուջեի կապիտալ ծախսերը իրականացվում են մասնավոր հատվածի միջոցով եւ հույս ունեմ, որ նախ կառավարությունը կկարողանա որակյալկերպով ընթացքավորել համապատասխան տողերը, իսկ բիզնեսը կկարողանա կատարել կառավարության պատվերը՝ բարձր որակով, պատշաճ ժամանակում եւ ըստ էության սա դեռեւս 2018 թվականին մեր առաջարկած «հարստացիր եւ հարստացրու» բանաձեւի գործնական իրականացման մեխանիզմներից է:Հարգելի գործընկերներ,2021 թվականի հաջողությունների ենթավերնագրի ներքո մի քանի այլ մակրոցուցանիշեր նույնպես կարելի է թվարկել: Բայց 2021 թվականի վերաբերյալ մեր բոլորի զգացողություններում բացասականը գերակշռում է:44-օրյա պատերազմի զոհերի թիվը այսօրվա դրությամբ 3825 է: Նրանց մեծ մասի մարմինները հայտնաբերվել կամ ԴՆԹ նույնականացվել են ու հուղարկավորվել 2021 թվականին: Գերեզմանատներում շարունակաբար ու անվերջանալիորեն ծածանվող մեր պետական դրոշներն են 2021 թվականի հիմնական սիմվոլը ու այդպես էլ մեզնից չհեռացող ու մեր կոկորդը բաց չթողնող հարցը. ինչու այսպես եղավ: Այս հարցի պատասխանը ինքս պիտի տամ ու հիմա պատրաստվում եմ դա անել:Ես ի սկզբանե ընդունել եմ իմ մեղքն ու պատասխանատվությունը թե պատերազմի եւ թե պարտության համար:Բայց չեմ ընդունել ու չեմ ընդունում այն մեղադրանքները, որ ինձ հասցեագրում են ընդդիմադիրները 2020թ. նոյեմբերի 9-ից հետո, մեղադրելով հողեր հանձնելու եւ այդպիսով նաեւ դավաճանության մեջ: Առաջին հայացքից սա կարող է աբսուրդ թվալ, որ ընդունում ես մեղքը, բայց չես ընդունում մեղադրանքը եւ թերեւս բոլոր՝ թե քաղաքական, թե բարոյական եւ թե ապագայի մասին խոսակցության տիրույթում հասունացել է պահը, որ այս երկվությունը լուծվի: Վերջերս տված հարցազրույցներից մեկում ակնարկել էի, որ եթե ինձ ուզում են օբյեկտիվ մեղադրանք վերագրել, ինձ պետք է մեղադրել ոչ թե հողեր հանձնելու, այլ պետք է մեղադրել հողեր չհաձնելու մեջ: Եւ ես հիմա, այո, ուզում եմ խոստովանել, որ հնարավոր է և մեղավոր եմ դրանում:Մեղավոր եմ, որ 2018, 2019 թվականներին մեր հանրության առաջ չեմ կանգնել ու չեմ բարձրաձայնել, որ մեր բոլոր, կրկնում եմ բոլոր՝ հեռու եւ մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները եւ իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը: Մեղավոր եմ, որ մեր ժողովրդին չեմ ասել, որ միջազգային հանրությունը միանշանակորեն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ակնկալում է, որ մենք էլ ճանաչենք, ակնկալում է նաեւ, որ Ղարաբաղից հեռացած ադրբեջանցիները լիարժեք ներգրավված լինեն ԼՂ ապագայի որոշման ու կառավարման հարցերում:Մեղավոր եմ, որ հստակ եւ աներկբա չեմ ասել, որ նույնիսկ առաջարկվող մեզ համար անընդունելի սցենարները ընդունելի չեն եղել Ադրբեջանի համար եւ միջազգային հանրության ներկայացուցիչները մեզ երբեմն հստակ, երբեմն դիվանագիտական եղանակով ասում էին, որ այդ ամենը հայկական կողմից ընդունվելու դեպքում դեռ պետք է համոզել Ադրբեջանին, որ նա ընդունի: Այս ամենը պարտավոր էի մանրամասն ներկայացնել մեր ժողովրդին:Եւ սա չանելն է իմ իրական մեղքը եւ մեղադրանքի նման ձեւակերպումը ամենեւին էլ իրավիճակը մեղմացնելու փորձ չէ, այլ ընդհակառակը դրանով ավելի եմ սրում, որովհետեւ հանձնելով գուցե կփրկեի հազարավոր կյանքեր, իսկ չհանձնելով փաստորեն՝ հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա: Եւ թերեւս նմանօրինակ դեպքերի համար է ծնվել հայտնի ասացվածքը, որն ասում է. դա ավելին է քան հանցագործությունը, դա սխալ է: Կամ ինչպես մեր դեպքում կասեինք՝ դա ավելին է, քան դավաճանությունը, դա սխալ է:Հարգելի գործընկերներ,Սիրելի ժողովուրդ,Իրավիճակի բարդությունն այն է, որ սրանով պատմությունը չի ավարտվում, որովհետեւ մի հարց է ժամանակին հանրության, ժողովրդի հետ այդ մասին խոսելը, երկրորդ հարց է զիջումների անհրաժեշտության մեջ ժողովրդին համոզելը եւ երրորդ հարցը՝ այդ ամենը կյանքի կոչելը:Որպեզի ժամանակին այդ մասին ժողովրդի հետ խոսեի, նախ ինքս ինձ պիտի համոզեի, որ դա ճիշտ ճանապարհ է: Եւ ինքս ինձ, խոստովանեմ, չկարողացա համոզել: Իսկ ինչու՞ չկարողացա համոզել: Այն նույն պատճառով, ինչ պատճառով, մինչեւ օրս մեր մի շարք ընդդիմադիր գործընկերներ չեն կարողանում համակերպվել իրականության հետ եւ այդ պատճառը պայմանականորեն կարելի է ձեւակերպել հետեւյալ կերպ. «Սանասա՞ր, թե Կուբաթլի, Զանգելա՞ն, թե Կովսական»:Այն նույն պատճառով, որ Արցախի եւ Հայաստանի մի շարք խորհրդարանական գործընկերներ մինչեւ օրս Արցախի տարածքային ամբողջականության մասին խոսելով հաճախ նկատի են ունենում ոչ միայն Շուշին ու Հադրութը, այլեւ 7 շրջանները, որոնք Արցախի օրենսդրությամբ մինչեւ օրս էլ համարվում են Արցախի Հանրապետության մաս:Ինքս ինձ չկարողացա համոզել նաեւ այն պատճառով, որ 25 տարի մենք Հայաստանի հանրությանը ասել ենք, թե բոլոր զրկանքները, որ կրել ենք եւ կրում ենք՝ ունի մի մեծ նպատակ եւ այդ նպատակը Արցախի ազատությունն է:Բոլոր զրկանքները, որ մենք կրում ենք հանուն հզոր բանակ ունենալու է եւ դժվար է հավատալ, որ այդքան զրկանքների վրա կառուցված բանակը չի կարողանա պաշտպանել մեր երազանքը:Ինքս ինձ չկարողացա համոզել, որովհետեւ աշխարհքաղաքական կենտրոնները ընդհանուր առմամբ նույն ուղղությամբ էին մտածում, այն իմաստով, որ բոլորն էլ աներկբա ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայցեւայնպես միակամ եւ միասնական չէին պոտենցիալ հանձնումից հետո տեղի ունենալիք իրադարձությունների տրամաբանության մասով եւ այդ հակասությունները, որոնք արդեն իսկ սրվել էին Սիրիայում, Լիբիայում, Վրաստանում, Ուկրաինայում, ի վերջո Լեռնային Ղարաբաղում միանշանակորեն հանգեցնելու էին պայթյունի:Ինքս ինձ չկարողացա համոզել, որովհետեւ երբ ծանոթանում էի բանակցային փաստաթղթերին, համոզվում էի, որ Սերժ Սարգսյանը ամենեւին էլ չէր չափազանցնում, երբ ասում էր, թե Հայաստանը պատրաստ էր թողնել 7 շրջանները, բայց ամեն անգամ Ադրբեջանը առաջ էր քաշում նորանոր պահանջներ եւ որ Ադրբեջանի ակնկալիքները անիրատեսական են եւ անընդունելի մեզ համար:Ինքս ինձ չկարողացա համոզել նաեւ այն պատճառով, որ հասկացա, որ Ռոբերտ Քոչարյանը ամենեւին էլ չէր չափազանցնում, երբ հայտարարում էր, որ տարածքային ամբողջականության խնդիր Հայաստանը նույնպես ունի:Ինքս ինձ չկարողացա համոզել, որովհետեւ դժվար էր համոզվել, որ 30 տարիների զրկանքների արդյունքում կարելի է պարզապես հանձնել հաղթանակի պտուղները ու դիմացը չստանալ ոչինչ: Սա ընդունել, նշանակում էր խոստովանել, որ հռչակելով պետություն մենք ստեղծել ենք ֆասադ եւ լիովին ու գլխովին ձախողել ենք պետության ինստիտուցիոնալ կայացման գործը: Նույնիսկ երկար տարիների ընդդիմադիր լինելով ես չկարողացա սա խոստովանել ինքս ինձ, ու առավելեւս չէի կարող նման որոշում ու դատավճիռ հրապարակել մարդկանց աչքերի մեջ նայելով:Բայց, հարգելի գործընկերներ, ես սա հիմա չեմ ասում անցյալի մասին խոսակցություն բացելու համար, ես սա ասում եմ ապագայի մասին խոսակցություն բացելու համար: Որովհետեւ բովանդակային առումով նույն իրավիճակն է հիմա և ես չեմ ուզում նույն սխալները կրկնել: Չեմ ուզում և չեմ կարող այս մասին ուղիղ և անկեղծ չասել երկրի բարձրագույն օրենսդիր մարմնին ու ժողովրդին:Այսօր միջազգային հանրությունը մեզ հստակ ասում է. լինել աշխարհի միակ երկիրը, որ երկկողմ մակարդակում չի ճանաչում Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը մեծ վտանգ է ոչ միայն Արցախի այլեւ Հայաստանի համար:Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է. մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը եւ միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի եւ Արցախի շուրջ:Հակառակ դեպքում, ասում է միջազգային հանրությունը, խնդրում ենք մեր վրա հույս չդնել, ոչ թե այն պատճառով, որ մենք չենք ուզում ձեզ օգնել, այլ այն պատճառով, որ մենք չենք կարող ձեզ օգնել:Հարգելի ներկաներ,Սիրելի ժողովուրդ,Վերջերս մի օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյայի հետ ունեցած զրույց շատ խորը հետք է թողել իմ մտքում: Այդ պաշտոնյան ասում էր, որ իր ժողովուրդը վերջին 200 տարվա ընթացքում 7 անգամ դիլեմայի առաջ է կանգնած եղել. կռվե՞լ, թե չկռվել: Եղել են դեպքեր, երբ որոշել են կռվել ու հաջողություն են ունեցել, եղել են դեպքեր, երբ որոշել են կռվել ու անհաջողություն են ունեցել, եղել են դեպքեր, երբ որոշել են չկռվել, բայց չեն կարողացել չկռվել, որովհետեւ կռիվը պարտադրվել է իրենց: Բայց մեծ հաշվով այդ հարցը անընդհատ հառնում է ժողովուրդների առաջ, որովհետեւ կա մի սարսափելի փաստ. այսօր աշխարհում, կամ հին աշխարհում կամ չկա կամ շատ քիչ են երկրները, ովքեր գոհ ու երջանիկ են իրենց սահմաններով եւ արդար են համարում դրանք: Չկա պարզապես, բայց ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի կերպ պետք է կանգ առնել ու ինքը՝ այդ պաշտոնյան, շնորհակալ է իր այն սերնդին, որը կանգ առնելու որոշում է կայացրել եւ որ կարևոր է՝ կարողացել է կյանքի կոչել այդ որոշումը:Սիրելի ժողովուրդ,Սրանք են այն սոցիալ հոգեբանական մոտիվները, որոնք մեզ եւ անձամբ ինձ ստիպում են ի հեճուկս բոլոր դժվարությունների եւ բարդությունների ավելի ու ավելի հետեւողական ու համոզված պնդել, որ Խաղաղության օրակարգը այլընտրանք չունի մեզ համար: Այն ամենը, ինչ ես ասացի, իրականում հեշտ չէ ասելը, իրականում հեշտ չէ այս ամենը ասելու որոշում կայացնելը: Այս ամենը ասելը դժվար է բազմաթիվ պատճառներով՝ սկսած նրանից, որ Հայի ետին խելքը նորից հառնում է իր ողջ պերճանքով ու դժբախտությամբ:Բայց եթե Աստված եւ ժողովուրդը շատերի համար անսպասելի եւ անտրամաբանական որոշման են հանգել, որ 44-օրյա պատերազմից հետո ես պետք է շարունակեմ առաջնորդել երկիրը եւ ժողովրդին, ուրեմն այս ամենը ասելը եւ այս ամենի պատասխանատվությունը ստանձնելը իմ առաքելությունն է, իմ լուծը, եթե կուզեք իմ խաչը, որը պիտի տանեմ: Եւ քանի որ խոստովանությունների ելույթ է ստացվում, ու քանի որ ավագ շաբաթ է, պիտի նաեւ խոստովանեմ, որ անսահման մեղավոր եմ զգում նաեւ Աստծո առաջ, որ չկարողացա կյանքի կոչել նրա մեծագույն պատվիրաններից մեկը՝ Երանի խաղաղարարներին, որովհետեւ Աստծո որդիներ պիտի կոչվեն:Բայց քավ լիցի, եկեք տուրք չտանք էմոցիաներին, որովհետեւ հիմա մեզ առավել քան երբեւէ պետք է սթափ դատողություն, ռացիոնալ մոտեցում եւ իրատեսական գնահատական: Եւ այս համատեքստում կուզենայի անդրադառնալ վերջին շրջանի մի շարք իրադարձությունների, պայմանավորվածությունների եւ անելիքների, խոսել ռիսկերի եւ հնարավորությունների, սպառնալիքների եւ հույսերի մասին:Նախ ս/թ ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքներով ձեռքբերված պայմանավորվածությունների մասին: Այո ես համաձայնություն եմ տվել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները սկսեն խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները: Ինչ է սա նշանակում գործնականում, ինչ ժամանակացույց, ինչ ձեւաչափ՝ դա դեռ պիտի քննարկվի ու որոշվի: Բայց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը որքան հնարավոր է արագ, այո մտնում է մեր պլանների մեջ:Բայց պիտի ասեմ, որ այստեղ էլ իլյուզիաներ չունենք, որովհետեւ չենք բացառում, որ Ադրբեջանը կփորձի խաղաղության բանակցությունների գործընթացը հնարավորինս արագ փակուղի մտցնել, դա դարձնելով Հայաստանի եւ Արցախի դեմ նոր ագրեսիայի, ագրեսիվ գործողությունների առիթ: Նույն հաշվարկը մենք ունենք, ի դեպ, նաեւ դելիմիտացիայի աշխատանքների կապակցությամբ, որովհետեւ չենք բացառում, որ Ադրբեջանը այդ գործընթացը օգտագործի Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ձեւակերպելու համար, դե յուրե հայտարարելով, որ ոչ մի տարածքային պահանջ էլ չունի:Հասկանալով եւ հաշվարկելով բոլոր ռիսկերն ու մարտահրավերները, մենք եկել ենք այն եզրակացության, որ նույն կետում կանգնելը եւ գործընթացում որոշակի առաջընթաց չապահովելը ոչ միայն չի նվազեցնում, այլև ավելի է սրում ռիսկերը: Այս է պատճառը, որ մենք նաեւ դելիմիտացիայի հարցում ենք Բրյուսելում եկել համաձայնության՝ մինչեւ ապրիլի վերջը ստեղծել դելիմիտացիայի եւ սահմանային անվտանգության հարցերով Հայաստան-Ադրբեջան երկկողմ հանձնաժողով, եւ սկսել աշխատանքը:Ո՞րն է այս հարցում մեր մարտավարությունը: Ճշգրտել սահմանների հարցում Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումները, պաշտոնապես արձանագրել այդ նույն հարցում Հայաստանի դիրքորոշումները, մեր դիրքորոշումներում լինել մաքսիմալ լեգիտիմ, այսինքն՝ սահմանի ճշգրտման հարցում օգտագործել միայն դե յուրե նշանակություն ունեցող փաստեր ու փաստարկներ, այդ լեգիտիմության ճանաչումը ստանալ միջազգային հանրության շրջանում եւ այս հենքի վրա համաձայնության հասնել Հայաստան-Ադրբեջան սահմանների վերաբերյալ:Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է դելիմիտացիայի գործընթացում հիմնվել Հայաստանի Հանրապետության տարածքի ճշգրտման համար դե յուրե նշանակություն ունեցող փաստերի եւ ոչ թե ցանկությունների կամ զրույցների վրա, որովհետեւ վերեւում արդեն նշեցի՝ նման գործելակերպի վտանգների մասին:Բրյուսելից հետո իմ հասցեին շատ ինտենսիվ քննադատություն եղավ, որ հրաժարվել եմ զորքերի հայելային ետքաշման առաջարկից: Այս առնչությամբ պիտի ասեմ, որ նախկինում մի քանի անգամ արձանագրել ենք, որ զորքերի հայելային ետքաշումը մեր կողմից նախապայման երբեք չի եղել եւ մենք պարզապես կարծում ենք, որ դելիմիտացիայի բնականոն գործընթաց հնարավոր է միայն այն սահմանների առնչությամբ, որտեղ անվտանգության եւ կայունության որոշակի մակարդակ կա, ինչը ցավոք չենք կարող ասել Հայաստան-Ադրբեջան այսօրվա սահմանի մասին:Մեր մտահոգությունը, թե Ադրբեջանը ցանկանում է դելիմիտացիային զուգահեռ պահպանել ռազմական լարվածությունը սահմանին, Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներն արդարացնելու եւ նոր նկրտումներ ձեւակերպելու համար, ի վերջո ընկալված է միջազգային հանրության կողմից, բայց նաեւ մենք արդեն վտանգավոր մի գծի էինք հասել, երբ զորքերի հայելային ետքաշման առաջարկը կարող էր ընկալվել որպես իրադրությունը փակուղի մտցնելու քաղաքականություն: Դրա համար, ինչպես եւ ասել եմ կառավարության մարտի 31-ի նիստում, մենք ճկունություն ցուցաբերելու պատրաստակամություն ենք հայտնել եւ Բրյուսելում ցուցաբերել ենք այդ ճկունությունը՝ հույս ունենալով, որ միջազգային հանրությունը առավել ուշադիր կլինի սահմանի երկայնքին տիրող անվտանգային միջավայրին:Ուզում եմ ընդգծել, որ Բրյուսելում ոչ թե զրոյից պայմանավորվածություն է ձեռքբերվել սահմանագծման վերաբերյալ, այլ վերջնական հանգրվանի են հասցվել 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռքբերված պայմանավորվածությունները, բայց այս ամենը նաեւ հիմք է ստեղծել, որ անհրաժեշտության դեպքում թե Ռուսաստանի Դաշնության, թե Արեւմտյան եւ թե մյուս գործընկերները իրենց տեղեկատվությամբ, փորձառությամբ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերեն սահմանների դելիմիտացիայի աշխատանքներին:Հարկ եմ համարում նշել, որ դելիմիտացիայի եւ սահմանային անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովը, ինչպես կարելի է կռահել անվանումից, ունենալու է կրկնակի մանդատ: Առաջինը բուն դելիմիտացիայի, այսինքն՝ սահմանագծման աշխատանքներն են, երկրորդը սահմանի երկայնքով անվտանգության եւ կայունության ապահովումը: Սա նշանակում է, որ հանձնաժողովը սահմանային իրավիճակի մոնիտորինգի որոշակի լիազորություն է ունենալու, նաեւ՝ սահմաններում անվտանգության եւ կայունության մակարդակը բարձրացնելուն ուղղվա