«Ռեյտինգայինը կոռուպցիայի աղբյուր է»․ Արտախորհրդարանական ուժերը կողմ են համամասնական ընտրակարգով ընտրություններին
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրություն մասին հայտարարած արտախորհրդարանական ուժերը կողմ են, որպեսզի ռեյտինգային ընտրակարգը հանվի և արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանան համամասնական ընտրակարգով։

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը Civic.am-ի հետ զրույցում ասաց, թե միանշանակ է, որ Ընտրական օրենսգիրքը պետք է փոփոխվի։ Անգամ եթե դա լինի մասնակի՝ այդուհանդերձ քաղաքական կոռուպցիայի նվազեցումը նպաստելու է առավել անխոցելի և լեգիտիմության հնարավորինս բարձր աստիճան ունեցող ընտրությունների կայացմանը․ «Մենք  կարծում ենք, որ առավել գաղափարական ընտրություններ անցկացնելու համար փակ համամասնական ընտրացուցակը արդյուանվետ է։ Ուստի, եթե «Իմ քայլը» խմբակցությունը այս անգամ որոշի իր խոստումը կատարել, իսկ նրանք բազմիցս են խոսել Ընտրական օրենսգրքի փոփոխության մասին և ամրագրել են, որ վարկանիշային ընտրակարագը քաղաքական կոռուպցիայի աղբյուր է, ապա եթե նրանք որոշեն իրենց  խոստումներից մեկը կատարել, դա կլինի առաջընթաց ընտրական պատմության մեջ»,-ասաց Ժառանգություն կուսակցության նախագահը։ Դիլբարյանն ասաց, որ այս հարցով ԱԺ Իմ քայլը և մյուս այլ խմբակցության ներկայացուցիչների հետ հանդպում արդեն իսկ եղել է և իրենք նշել են, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունը միանշանակ է։ 

Անկախ խաղի կանոններից՝ արտահերթ ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտարարած Քաղաքացու որոշում կուսակցության քարտուղար Սուրեն Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ռեյտինգային համակարգը չարիք է երկրի համար և միանշանակ պետք է այն հանել։

Մեր հարցին՝ ընդունելի՞ է իրենց համար ընտրություններից առաջ ԸՕ-ում մասնակի փոփոխությունը, Սահակյանը պատասխանեց․ «Ինչքան լավ լինի ընտրական օրենսգիրքը, այնքան լավ»։

 ՔՈ-ն ավելի վաղ էլ արձանագրել էր, որ նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը կարող է լինել այն նվազագույնը, որ դեռ հնարավոր է անել համեմատաբար առավել արդար և բնույթով քաղաքական ընտրություններ ունենալու համար։ Ուստի ընտրությունները կազմակերպողը ունի բոլոր հնարավորությունները և պարտավոր է ընդունել նոր ընտրական օրենսգիրքը։
Նորաստեղծ «Արդար հայաստան» կուսակցությունը ևս հայտ է ներկայացրել մասնակցելու ընտրություններին։ Կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը կարծում է, որ գնալ ընտրությունների հին խաղի կանոններով նշանակում է վերարտադրման պատուհան ստեղծել ներկա ու նախկին իշխանությունների համար։ Հետևաբար գործող իշխանությունն ունի սահմանադրական մեծամասնություն, պարտավոր է փոխել Ընտրական օրենսգիրքը, պարտավոր է կատարել ժողովրդին տված խոստումը: 
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը ևս մշտապես կարևորել է ընտրական օրենսգրքի փոփոխությունն ու որպես թիվ մեկ հրամայական՝  ռեյտինգային համակարգի վերացումը։  

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Խորհրդարանական մեծամասնությունը որոշում է կայացրել ընտրությունների գնալ փակ համամասնական ընտրակարգով՝ հրաժարվելով ռեյտնիգային ընտրակարգից»։ 
Որոշ տեղեկություններով՝ այս փոփոխության վերջնական ընդունման և կիրառման համար անհրաժեշտ է կոնսենսուս, որ ընդդիմադիր խմբակցություններից գոնե մեկը՝ օրինակ, ԲՀԿ-ն, կողմ արտահայտվի ընտրակարգի փոփոխությանը։ Հակառակ պարագայում, հնարավոր է, օրինակ, ՀՀ նախագահը չստորագրի ԱԺ օրինագիծը՝ պատճառաբանելով, թե կոնսենսուս չկա ընտրակարգի շուրջ։ 

Արփի Հարությունյան