Թուրքիայի կողմից ամբարտակաշինության աշխատանքներն անընդունելի են. Աբդոլլահիան
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ամբարտակաշինության աշխատանքները, որոնց հետևանքով խնդիրներ են առաջանալու Իրանի և տարածաշրջանի այլ երկրների բնակիչների համար, անընդունելի են։
Նա նշել է, որ Թուրքիայի կառավարությանը խնդրել են, որպես հարևան, լուրջ ուշադրություն դարձնել Արաքս գետի վրա ամբարտակների կառուցման խնդրին, և այդ հարցն արծարծվել է Թուրքիայի արտգործնախարարի հետ երեք դեմ առ դեմ հանդիպումներում։
Ամիր Աբդոլլահիանը հավելել է, որ Իրանի և Թուրքիայի միջև ամբարտակների կառուցման ոլորտում երկկողմանի պայմանավորվածություն չկա՝ նշելով, որ Թուրքիայի կառավարության պաշտոնյաներն ասում են, թե ամբարտակների կառուցումը տեղի է ունենում լեռնային շրջաններում, և դրանք նախատեսված են միայն հիդրոէլեկտրակայանների համար։
«Թուրքիան 1997 թվականից Նյու Յորքի կոնվենցիայի անդամ չէ, հակառակ դեպքում կկարողանայինք հարցը միջազգային մեխանիզմներով լուծել»,- նշել է Իրանի ԱԳ նախարարը և հավելել, որ առաջին անգամ Թուրքիայի կառավարության հետ համաձայնություն է ձեռք բերվել՝ ձևավորելու ջրային հարցերով միացյալ կոմիտե, և նախատեսվում է առաջիկայում կազմակերպել Իրանի արտաքին գործերի և էներգետիկայի նախարարությունների փորձագետների հանդիպումը թուրքական պատվիրակության հետ: