Պատրաստվում ենք պատերազմի 2-րդ փուլին, Ուկրաինայի արևելքում ու հարավում ուժեղ բախումներ են. այս պահին 29 հայ զոհ ունենք․ Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
«Ուկրաինայի արևելքում, հարավում ուժեղ բախումներ են, այնտեղ հակառակորդը 3 անգամ ավելի մեծ ուժեր ունի, քան ուկրաինական զորքերը»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանն ու հավելեց, որ պատերազմական իրավիճակին ուղեկցում է նաև վառելիքի ճգնաժամը. «Դա շատ մեծ վնաս է պատճառում ամբողջ պետությանը՝ էկոնոմիկային, քանի որ բենզինի և դիզելի պակասության հետ կապված որոշ ոլորտներում աշխատանքները դադարեցված են»։
Նրա խոսքով՝ հայ համայնքը առաջիկա օրվանից ինչպես սկսել էր հումանիտար աշխատանքները, այդպես էլ շարունակում է՝ օգնում է կարիքավորներին, տեղահանվածներին, որոնք մնացել են Ուկրաինայում և չեն գնացել Եվրոպա կամ Հայաստան. «Ստանում ենք հումանիտար օգնություն, բաժանում ենք կարիքավորներին, մեծ ընտանիքներին, ծերերին։ Փորձում ենք պատրաստվել երկրորդ փուլին՝ ունենք կետեր, որտեղ շարունակելու ենք ընդունել նոր տեղահանված ժողովրդին, բայց Աստված տա՝ երկրորդ փուլ չլինի»։
Ուկրաինայի հայերի միության փոխնախագահը հիշատակեց, որ ազգությամբ հայերի մեջ զոհերի թիվը 29-ն է՝ 6 զինվորական, 23 խաղաղ բնակիչ, իսկ վիրավորներից տվյալներ չունեն։
«Ռուս զինվորականները դեռևս ապրիլի 1-ից դուրս են եկել Կիևից, ինչպես նաև Չերնիգովի ու Սումիի մարզերից։ Իսկ Լուգանսկի ու Դոնեցկի մարզերում ուժեղ մարտերը շարունակվում են»,- հավելեց մեր զրուցակիցը։
Նշենք, որ ավելի քան 3 ամիս է՝ Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայի դեմ։ ՌԴ նախագահն ընդգծել է, որ ռազմական գործողությունն իրականացնում է Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետությունների ղեկավարների խնդրանքով։ Պատերազմը շարունակվում է նաև Դոնեցկի մարզում։
Ըստ ՄԱԿ-ի հունիսի 6-ի տվյալների՝ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով զոհվել է 4253 քաղաքացի, որից 272-ն անչափահասներ են։
Նարա Մարտիրոսյան