ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքվեարկի Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների վերաբերյալ զեկույց ներկայացնելու շուրջ
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի անդամները հանդես են եկել օրենսդրական մի շարք նախաձեռնություններով՝ առաջարկելով փոփոխություններ 2023 թ. Ազգային պաշտպանության վավերացման ակտ օրենքում (FY 2023 National Defense Authorization Act)՝ փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

Օրենսդրական նախաձեռնություններից չորսն արդեն դրական եզրակացություն են ստացել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Կանոնների հանձնաժողովի կողմից, որի համաձայնությամբ՝ օրենսդրական այս նախագծերը քվեարկության կդրվեն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում: 

Փոփոխություն 611-ը (նախկինում՝ 698) ներկայացրել է կոնգրեսական Ադամ Շիֆը: Այն պնդում է, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է անհապաղ վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին և գերի ընկած քաղաքացիական անձանց: Այս օրինագծին որպես համահեղինակ միացել է ավելի քան 25 կոնգրեսական:

Փոփոխություն 121-ը (նախկինում՝ 837) ներկայացրել են կոնգրեսականներ Թոնի Քարդենասը և Բրեդ Շերմանը: Օրինագիծը պետքարտուղարությունից և պաշտպանության նախարարությունից պահանջում է պատրաստել զեկույց, որը մանրամասն կներկայացնի ԱՄՆ պահեստամասերի օգտագործումը թուրքական անօդաչու թռչող սարքերում, որոնք Ադրբեջանն օգտագործել է Ղարաբաղում 2020 թ. պատերազմի ընթացքում, ինչպես նաև Ադրբեջանի կողմից օգտագործված սպիտակ ֆոսֆորի, կասետային ռումբերի և այլ արգելված զինատեսակների, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից օտարերկրյա ահաբեկիչ զինյալների հավաքագրման մասին: Այս նախաձեռնությանը աջակցել է շուրջ երկու տասնյակ այլ կոնգրեսական:

Փոփոխություն 337-ը (նախկինում՝ 992) ներկայացրել է կոնգրեսական Ջեքի Սփեյերը, որը հանձնարարում է պաշտպանության նախարարին, պետքարտուղարի հետ համաձայնեցնելով, Կոնգրեսին ներկայացնել Ազատության աջակցման ակտի 907-րդ բանաձևի չեղարկման մանրամասները: Բացի դրանից՝ զեկույցը պետք է պարունակի տեղեկություն այն մասին, թե արդյոք Ադրբեջանի կառավարությանն ուղղված անվտանգության ոլորտի աջակցությունը չի՞ խաթարում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը: Օրինագիծն աջակցել է շուրջ 15 կոնգրեսական:

Փոփոխություն 399-ըն (նախկինում՝ 478) առաջ են քաշել կոնգրեսականներ Քրիս Պապպասը և Գաս Բիլիրակիսը: Այն համապատասխան պահանջներ առաջ կքաշի Թուրքիային F-16-ների կամ F-16-ների արդիականացման փաթեթների վաճառքի կամ փոխանցման հարցում: Դրան աջակցել են շուրջ 17 կոնգրեսականներ: