Այսօր ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է։
Խորեն Աբրահամյանը ծնվել է Երևանում 1930 թվականի ապրիլի 1-ին։
Մասնագիտական կրթությունն ստացել է Երևանի թատերական ինստիտուտում, որի դերասանական ֆակուլտետն ավարտել է 1951 թվականին և ընդունվել Գ. Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոն, որտեղ կատարել է բազմաթիվ դերեր (Ռոմեո, Պեպո, Օթելլո, Արա Գեղեցիկ, Արշակ թագավոր, Կորիոլան, Մյասնիկյան, Գայ, Ռաֆո Ավետյան և այլն)։ Եղել է Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասանուհի Լյուսյա Հովհաննիսյանի ամուսինը։
1979-1984 թվականներին եղել է թատրոնի գլխավոր ռեժիսոր, 1988-1995 թվականներին՝ գեղարվեստական ղեկավար, միաժամանակ՝ Հայաստանի թատերական գործիչների միության վարչության նախագահ։ 1985-1988 թվականներին Գյումրիի պետական թատրոնի դերասան էր և գլխավոր ռեժիսորը, 1980–1995 թվականներին դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում։ Թատրոնում ստեղծած լավագույն դերերից են՝ Ռուստամ (Ա. Շիրվանզադեի «Նամուս»), Արմեն (Գ. Բորյանի «Կամրջի վրա»), Արամ (Ա. Արաքսմանյանի «60 տարի, երեք ժամ»), Արա (Ն. Զարյանի «Արա Գեղեցիկ»), Մյասնիկյան (Զ.Դարյանի «Հանրապետության նախագահը»), Կորիոլան (Վ. Շեքսպիրի «Կորիոլան»), Ավետյան (Պ. Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն»)։ Հայկական մի քանի լավագույն կինոնկարների հաջողությունները պայմանավորված են նաև Աբրահամյանի դերակատարումներով՝ Գևորգ («Սարոյան եղբայրներ», 1968 թվական), Ռոստոմ («Տերը», 1968 թվական), Պավլե («Մենք ենք, մեր սարերը», 1969 թվական), Արմեն («Երևանյան օրերի խրոնիկա», 1972 թվական), Մյասնիկյան («Երկունք», 1977 թվական), Տեր Ավետիս («Հուսո աստղ», 1978 թվական), Սիսակյան («Ապրեցեք երկար», 1979 թվական) և այլն։ Նա նկարահանվել է նաև Մոսֆիլմի 3 կինոնկարում՝ «Առաջին էշելոնը», «Բարձունք», «Նրա կյանքի նպատակը»։
Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրել է Ն. Զարյանի «Հացավան», Վ. Շեքսպիրի «Ջոն արքա», Պ. Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն», Պ. Ջակոմետիի «Ոճրագործի ընտանիքը» (նաև եղել է Կորրադոյի դերակատարը), Հ. Իբսենի «Դոկտոր Ստոկման», Գ. Գորինի «Քին» Ա. Քալանթարյանի «Թիկունք», Պ. Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն», և այլ ստեղծագործություններ։ 2000 թվականին բեմադրել է Պ. Զեյթունցյանի «Խոր Վիրապ» պիեսը։ Աբրահամյանը մասնակցել է նաև բազմաթիվ ռադիո- և հեռուստաբեմադրությունների (Մ. Պանյոլի «Տոպազ», Ն. Զարյանի «Փորձադաշտ» և այլն)։
Խորեն Աբրահամյանը տաղանդավոր էր նաև կինոյում։ Նա նկարահանվել է հետևյալ ֆիլմերում՝
1949 - Արարատյան դաշտի աղջիկը - գյուղացի
1954 - Փեսատես - Արտո
1954 - Լեռնային լճի գաղտնիքը
1955 - Հասցեատիրոջ որոնումները - Բրուտյան
1955 - Առաջին էշելոն - Վարդան Վարդանյան
1957 - Բարձրություն - Բադրատ
1957 - Նրա կյանքի նպատակը
1957 - Մոր սիրտը - Արմեն
1958 - Իմ ընկերոջ մասին - Ռուբեն
1958 - Առաջին սիրո երգը - Արսեն
1958 - Փլուզում - Վարդան
1959 - Օտար հետք
1961 - Լուսաբացից առաջ - Մանաս
1961 - Ճանապարհ - Գաբո
1962 - Փառքի օղակներ - Գուրգեն
1964 - Դժվար անցում - Տիգրան
1968 - Սարոյան եղբայրներ - Գևորգ Սարոյան (համառեժիսոր)
1969 - Մենք ենք, մեր սարերը - Պավլե
1970 - Անցյալի արձագանքները - Արտավազդ
1971 - Հույսի խրճիթներ
1972 - Երևանյան օրերի խրոնիկա - Արմեն
1973 - Մհերի արձակուրդային արկածները
1976 - Երկունք - Ալեքսանդր Մյասնիկյան
1978 - Արևիկ - Ժորա
1978 - Հուսո աստղ - Տեր Ավետիս
1979 - Ապրեցեք երկար - Սիսակյան
1979 - Լեգենդ ծաղրածուի մասին - կեղծ հոգևորական
1980 - Թռիչքն սկսվում է երկրից
1980 - Յոթ սարից այն կողմ - Մաթոս
1981 - Գործուղում առողջարան - Բաղդասար
1983 - Հրդեհ - բուֆետապան
1983 - Տերը - Ռոստոմ
1983 - Մասնավոր դեպք
1986 - Քանի դեռ ապրում ենք… - Մանվել
1988 - Համբարձում - Արտաշես Գուրգենի
1993 - Նոյը - ծերունի
2000 - Տեսնել, մեռնել-ռեժիսոր, գլխավոր դերակատար
Հայտնի էր նաև որպես ասմունքող։ Թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում։