Կառավարությունն այսօր իր հերթական նիստում հավանություն տվեց «ՀՀ կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագծին:
«Ծրագրի վերջնական նպատակն է ձևավորել ազգային և համամարդկային արժեքների վրա հիմնված ՀՀ զարգացմանը միտված արդյունավետ և միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգ:
Ծրագրի վերջնանպատակի համար սահմանվել են 3 ռազմավարական ուղղություններ՝ համընդհանուր ներառական, սովորողակենտրոն կրթական միջավայրի ձևավորում ՀՀ ողջ տարածքում, կրթության արդյունավետության բարձրացում, կրթական ծառայությունների և արտադրանքի միջազգայնացում և արտահանում»,- ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ծրագրի վերջնական նպատակը մրցունակ կրթական համակարգ ձևավորելն է: Սահմանվել են ռազմավարական 3 հետևյալ ուղղությունները. համընդհանուր ներառական սովորողակենտրոն կրթական միջավայրի ձևավորումը Հայաստանի ամբողջ տարածքում, կրթության արդյունավետության բարձրացումը և կրթական ծառայությունների միջազգայնացումն ու արտահանումը: «Մի քանի կարևոր դրույթներ առանձնացնեմ. ապահովել ուսումնական հաստատությունների համընդհանուր ծածկույթ, դպրոց ընդունվող երեխաներն առնվազն մեկ տարի ընդգրկված կլինեն նախադպրոցական ծրագրերում, մսուրի ծառայություններ կգործեն բոլոր խոշորացված համայնքներում: Բոլոր ուսումնական հաստատությունները կունենան պատշաճ կահավորմամբ, անհրաժեշտ սարքավորումներում հագեցած շենքեր, լաբորատորիաներ, աշխատանքային տարածքներ: Մանկավարժները կլինեն ատեստավորված: Ոչ մի երեխա դուրս չի մնա պարտադիր կրթության համակարգից»,-ընդգծեց Արթուր Մարտիրոսյանը: