Ղազախստանը կսկսի իր նավթը վաճառել Ադրբեջանի խողովակաշարով՝ շրջանցելով Ռուսաստանը․ Reuters
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Սպասվում է, որ Ղազախստանը սեպտեմբերից իր հում նավթը կսկսի վաճառել Ադրբեջանի ամենամեծ խողովակաշարով, քանի որ այլընտրանքային տարբերակներ է փնտրում այն երթուղուն, որը Ռուսաստանը սպառնում է փակել։ Այս մասին Reuters-ին հայտնել են իրավիճակին ծանոթ երեք աղբյուր։
Ղազախստանի նավթի արտահանումը կազմում է համաշխարհային մատակարարումների ավելի քան 1 տոկոսը կամ օրական շուրջ 1,4 մլն բարել։ 20 տարի շարունակ նավթը CPC խողովակաշարով առաքվել է Ռուսաստանի սևծովյան Նովոռոսիյսկ նավահանգիստ, որն ապահովում է մուտքը դեպի համաշխարհային շուկա:
Հուլիսին ռուսական դատարանը սպառնաց, որ կփակի CPC-ն՝ խթանելով Ղազախստանի կառավարությանն ու օտարերկրյա արտադրողներին այլ պայմանագրեր կնքել։
Խնդրի մանրամասներին տիրապետող աղբյուրը լրատվամիջոցին հայտնել է, որ Ղազախստանի պետական նավթային «Կազմունայգազը» ադրբեջանական պետական SOCAR ընկերության առևտրային ստորաբաժանման հետ ակտիվ քննարկումներ է անում՝ թույլ տալու համար ադրբեջանական նավթամուղով տարեկան 1,5 միլիոն տոննա ղազախական նավթ արտահանել դեպի Թուրքիայի միջերկրածովյան Ջեյհան նավահանգիստ։
Աղբյուրը հայտնել է, որ վերջնական պայմանագիրը կողմերի միջև կնքվելու է օգոստոսի վերջին, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով հոսքերը կսկսվեն մեկ ամիս անց։ Եվս երկու աղբյուր հայտնել են, որ տարեկան 3,5 մլն տոննա ղազախական նավթամթերք էլ կարող է 2023 թվականին ադրբեջանական խողովակաշարով գնալ դեպի Վրաստանի Սուփսա նավահանգիստ։
Ղազախստանի և Ադրբեջանի նավթային ընկերությունները հրաժարվել են լրատվամիջոցին մեկնաբանություններ տալ։
Աղբյուրները նաև նշել են, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի նոր երթուղին նշանակում է, որ Ղազախստանը պետք է հույսը դնի փոքր լցանավերով նավատորմի վրա, որպեսզի իր նավթը Կասպից ծովով Բաքու տանի Ակտաու նավահանգստից, որն ունի սահմանափակ հզորություն։