Ալիևը ներքին լսարանի համար հոխորտում է, թող հոխորտա. Սյունիքից ընտրված պատգամավոր
Civic.am-ի հյուրը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանն է։

«Մարտի 1-ի գործի, այսպես ասած, ձախողումը այնքան էլ կապված չէ բարեփոխումների հետ։ Ճիշտ է, բարեփոխումները մի քիչ կաղում են, դանդաղ են ընթանում, բայց ես հակված եմ մտածել, որ սա եղել է մարդկային գործոնով պայմանավորված սխալ»,- պատգամավորը այսպես մեկնաբանեց 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու ՍԴ-ի որոշումը, ինչի հետևանքով Առաջին ատյանի դատարանը վերացրել էր հետապնդումը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ և այդ հողվածներով գործը կարճել։

Ամեն դեպքում Ղահրամանյանը հաստատեց, որ դատական համակարգում կան բազում խնդիրներ և բարեփոխվելու շատ տեղեր ունի։

«Ես ամեն դեպքում մտածում եմ, որ տեղի է ունեցել հանցագործություն, մարդկանց սպանություններ և պետք է տեղի ունենան արդարադատություն, թե ո՞ր հոդվածով, ո՞ր համակարգով՝ արդեն համակարգի խնդիրն է»,- ասաց Ղահրամանյանը։

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ հարցազրույցում արված հայտարարություններին, Նարեկ Ղահրամանյանը նշեց, որ Ադրբեջանի հետ բանակցությունները 2018 թվականին արդեն իսկ գտնվում էին փակուղում։ 

«Շատ տխուր է, որ մեր երկու հայկական պետությունները ղեկավարած անձը այլ պետությունում, ինչքան էլ, որ այդ պետությունը մեզ համար ռազմավարական և տնտեսական դաշնակից լինի, նրանց հեռուստաընկերությամբ փնովում է մեր իշխանությանը, և նա չի մեղադրում Թուրքիային, Իսրայելին, որ աջակցեցին Ադրբեջանին, չի մեղադրում Ադրբեջանին, այլ կոնկրետ մեղադրում է միայն Հայաստանի իշխանություններին։ Ամենաճիշտ տեղը իշխանություններին քննադատելու քո երկիրն է, այն էլ այն դեպքում, երբ Ռոբերտ Քոչարյանը մեդիայի պակաս չունի»,- ասաց Ղահրամանյանը։

Ըստ Ղահրամանյանի՝ Ղարաբաղի հարցում փոխզիջումների պետք էր գնալ 1994 թվականին։ Հետո ինչքան երկարաձգվեցին բանակցությունները, այնքան Հայստանը հայտնվեց ավելի ոչ շահեկան վիճակում։

Խոսելով հնարավոր հետընտրական զարգացումների մասին, Ղահրամանյանը նշեց, որ այդ մասին խոսել է նաև ԱԺ-ում 17 ուժերի «խոսնակը»՝ Էդմոն Մարուքյանը։ «Ես Էդմոն Մարուքյանին և «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը համարում եմ 17 ուժերի խոսանկը ԱԺ-ում։ Որովհետև եթե ուշադիր նայեք ԱԺ-ում այդ կուսակցության գործունեությանը, հայտարարություններին և մոտեցումներին, ապա գրեթե 100 տոկոսով իրար համընկնում են», - ասաց պատգամավորը, ապա հավելեց, որ ընտրությունների հնարավոր կեղծման մասին բարձրաձայնող գրեթե բոլոր ուժերը փորձ ունեն ընտրություն կեղծելու՝ Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև Սերժ Սարգսյան։

«Մեր իշխանությունը միակն է, որն իր գործունեությամբ ապացուցել է , որ ի վիճակի չի ուղղակի կեղծել ընտրությունները։ Իսկ նախօրոք հայտարարելով, որ այ կկեղծվեն ընտրությունները, դա փաստում է այն մասին, որ իրենց պատվիրած սոցհարցումների համաձայն էլ իրենք շատ քիչ տոկոսներ են հավաքում և հասկանում են առաջիկա իրենց ձախողումը»,- նշեց պատգամավորը։

Անդրադառնալով Սյունիքում տիրող իրավիճակին, Նարեկ Ղահրամանյանը նշեց, որ նոյեմբերի 10-ից մինչև հիմա հայ սահմանապահները և ռուս խաղաղապահները, հայկական Զինված ուժերը արել են բավականին լավ աշխատանք, որպեսզի մարդիկ իրենց ապահով զգան։ Սահմանին իրավիճակը հանգիստ է, լուրջ միջադեպեր չեն եղել։

Սյունիքը կորցնելու ռիսկերը Ղահրամանյանը բացառեց։ «Եթե ես հիմա հայտարարեմ, որ Վանը հայկական է, ապա ի՞նչ եք կարծում, Թուրքիայում կգտնվի՞ մի քաղաքական ուժ, որ Էրդողանին կփնովի, կասի․ «այ տեսնու՞մ ես, հարևան երկրից սենց բաներ են ասում»։ Ալիևը ներքին լսարանի համար հոխորտում է, թող հոխորտա։ Մեդիայով տարածվող այս լուրերը մեդիատեռորի երևույթներ են, և ես կարծում եմ, մեր հասարակությունը արդեն իմունիտետ է ձեռք բերել այս առումով», - եզրափակեց Ղահրամանյանը։
 
Մանրամասները՝ տեսանյութում:

Վովա Հակոբյան