ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կասկածում է, որ ռուսներին վիզաների տրամադրումն արգելելու առաջարկը միաձայն աջակցություն կստանա ԵՄ-ում։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Բորելը պնդում է, որ նման նախաձեռնությունը անհրաժեշտ միաձայն աջակցության չի արժանանա ԵՄ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների՝ Չեխիայում կայանալիք առաջիկա հանդիպմանը։ Նա կասկած է հայտնել, որ «Ռուսաստանի քաղաքացիական բնակչության հետ հարաբերությունների խզումը կօգնի»։
Բորելը հավելել է, որ ընդունում է որոշ ռուսաստանցիների վիզաների ստացման եղանակը վերանայելու անհրաժեշտությունը:
«Մենք պետք է ավելի ընտրողական լինենք: Բայց ես կողմնակից չեմ բոլոր ռուսաստանցիներին վիզաների տրամադրման դադարեցմանը»,- ասել է նա։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները շուտով կարող են կասեցնել Ռուսաստանի հետ վիզային առնչվող համաձայնագրի գործողությունը։