«ՌԴ-ն պետք է շարունակի կատարել իր պարտավորությունները Black Grain Sea նախաձեռնության շրջանակներում». ԱՄՆ-ը հերքել է Պուտինի մեղադրանքները
ԱՄՆ Պետդեպարտամենտը կտրուկ հերքել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մեղադրանքներն Արևմուտքի հասցեին։

Ելույթ ունենալով Վլադիվոստոկում Արևելյան տնտեսական ֆորումի նիստին՝ Կրեմլի առաջնորդը սպառնացել է սահմանափակել ուկրաինական հացահատիկի արտահանումը Սև ծովով՝ հայտարարելով, որ «ուկրաինական հացահատիկի մեծ մասը գնում է դեպի Եվրամիություն, ոչ թե զարգացող երկրներ»: Նա նաև պնդել է, որ պարենային ապրանքների գների աճը արևմտյան պատժամիջոցների հետևանք է։

Պետդեպի մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը, մեկնաբանելով այս հայտարարությունները, հայտնել է. «Սևծովյան հացահատիկի նախաձեռնությունը մարդասիրական միջոց է՝ խիստ անհրաժեշտության պարենը հասցնելու աշխարհի սովահար բնակչությանը։ Ցանկացած պնդում, թե ԱՄՆ պատժամիջոցները դարձել են սովի պատճառ, իրականությանը չի համապատասխանում:

Իրականում ԱՄՆ պատժամիջոցներում սննդամթերքի և պարարտանյութերի համար միշտ եղել են հստակ բացառություններ, և մեր պատժամիջոցները երբեք ուղղված չեն եղել մարդասիրական օգնության դեմ»,- ասել է Պատելը:  

«Ռուսաստանը պետք է շարունակի կատարել իր պարտավորությունները Black Grain Sea նախաձեռնության շրջանակներում»,- հավելել է նա։