Այսօր Իտալիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են. Ինչ սպասել Ջորջա Մելոնիի հաղթանակի դեպքում
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Այսօր Իտալիայում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնցում, ըստ կանխատեսումների, լավագույն արդյունքի կհասնի աջակողմյան կուսակցությունների կոալիցիան, հայտնում է Associated Press-ը։
Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 7:00-ին (Մոսկվայի ժամանակով՝ 8:00-ին): Սպասվում է, որ ընտրությունների միջանկյալ արդյունքները կարող են ստացվել երկուշաբթի առավոտյան։
Ընտրություններն անցկացվում են խորհրդարանի երկու պալատներում՝ Պատգամավորների պալատում և Սենատում։ Քվեարկելու իրավունք ունի մոտ 51 միլիոն իտալացի։
Իտալիայում մինչ ընտրությունները վերջին պաշտոնական հարցումները հրապարակվել են սեպտեմբերի 9-ին։ Դրանք ցույց են տալիս, որ աջ կենտրոնամետներն ընտրություններում հնարավորություն ունեն զգալիորեն գերազանցելու բոլոր մրցակիցներին։ Դատելով հարցման արդյունքներից՝ ամենից շատ ձայներ կստանա աջակողմյան «Իտալիայի եղբայրներ» կուսակցությունը (25,3%), որը գլխավորում է Ջորջա Մելոնին։ Երկրորդ տեղում ձախակողմյան Դեմոկրատական կուսակցությունն է (21,2%)։ Դրան հաջորդում է պոպուլիստական «Հինգ աստղերի շարժումը (13,8%)։ Աջակողմյան «Լիգա» կուսակցությունը կարող է 12,9%-ի հույս ունենալ։
AP-ն նշում է, որ Մելոնին հնարավորություն ունի դառնալու Իտալիայի պատմության մեջ առաջին կին վարչապետը։ Միաժամանակ, Իտալիան կարող է ստանալ առաջին աջակողմյան կառավարությունը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր:
Ինչ վերաբերում է Մելոնիի հաղթանակի դեպքում Ռուսաստանի հետ Իտալիայի հարաբերություններին, ապա նա իր տված բոլոր հարցազրույցներում Ռուսաստանն ու Չինաստանը համարել է Արևմուտքի հակառակորդներ և պատրաստ է բոլոր ուժերով հակադրվել նրանց: Նա ոչ մի համակրանք չունի Պուտինի նկատմամբ և պատրաստվում է աջակցել ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի ներկայիս քաղաքականությանը Ռուսաստանի հանդեպ և օգնություն ցուցաբերել Ուկրաինային։
Նույնիսկ ընդդիմություն եղած ժամանակ Մելոնին միշտ կողմ է քվեարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, ասել է ՆԱՏՕ-ում Իտալիայի նախկին դեսպան Ստեֆանո Ստեֆանինին։
«Նա ոչ մի պատճառ չունի փոխելու իր դիրքորոշումը իշխանության գալուց հետո»,- ասել է նա BBC-ին։