«Այս պահի դրությամբ կարելի է ասել, որ բացահայտված է և հաստատված է, որ 2016 թ. պատերազմը եղել է պայմանավորված». Անդրիաս Ղուկասյան
Civic.am-ի հյուրը «Հայ Կառուցողական կուսակցության»  նախագահ Անդրիաս Ղուկասյանն է։

«Գործող իշխանությունը պետք է փակագծեր բացի Ղարաբաղյան բանակցությունների անցյալի և ներկայի մասով»,-  պարբերաբար նշում էր Ղուկասյանը, ու այսօր ԱԺ ամբիոնից, վարչապետը գործընթացների մասին որոշ փակագծեր բացեց, իսկ Անդրիսա Ղուկասյանը անդրադառնալով պատերազմի հնարավոր կանխմանը, բանակցությունների փակուղում գտնվելուն՝ նշեց, որ այդ բոլոր հարցերին կկարողանանք պատասխաններ գտնել, երբ հնարավորություն կլինի լսել ոչ թե կոնֆլիկտի կողմերին, այլ նրանց, ովքեր անաչառ ուսումնասիրել են այդ հարցը։

«Ես համարում եմ, որ այն բոլոր փաստերը, որ հանրությունը իրավունք ունի իմանալ և այս իրավիճակում Կառավարությունը պարտավոր էր հրապարակել դեռևս հրապարակված չեն», - նշեց Ղուկասյանը։

Ղուկասյանը նշեց, որ պետք է հասկանալ, թե ինչու էր պատերազմի ընթացքում միջազգային հանրությունը չեզոք, պասիվ, աղբյուրը որտե՞ղ է, ի՞նչ պահանջներ են եղել ուղղված Հայաստանին և Ադրբեջանին, եղե՞լ են պահանջներ, թե՞ ոչ։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքին, Ղուկասյանն ասաց․ «Պարզ է չէ՞, որ այդ իրավունքն իրացնելու պայմանները ոչնչացված են»։

Ղուկասյանը գտնում է, որ հիմա կարևոր է հասկանալ, թե մենք ինչ կարող ենք անել մեր շահերը առաջ տանելու համար։ «Այսօր կարևորագույն հարցը մնում է հետևյալը՝ ինքնորոշման իրավունքի իրացման համար պայմանները ոչնչացված են, այն մոդելը, որ հարկավոր է փուլային ճանապարհով, բնակչության հետ վերադարձի պայմաններ ստեղծելով ձևավորել այնպիսի քաղաքական մթնոլորտ, որ մարդիկ գնան և վերջնական հաստատեն իրենց քաղաքական կարգավիճակը, դրա համար պայմաններ արդեն չկան։ Ուստի մնում է ճանաչել Արցախի Հանրապետությունը», - ասաց Ղուկասյանը։

«Այս պահի դրությամբ կարելի է ասել, որ բացահայտված է և հաստատված է, որ 2016 թվականի պատերազմը եղել է պայմանագրային։ Ի՞նչ է պայմանագրային պատերազմը։ Երբ կողմերը նախապես պայմանավորվում են ռազմական սահմանափակ գործողություններ իրականացնել, որը իշխանությունների դավադրությունն է սեփական  ժողովուրդների դեմ, որպեսզի ժողովուրդներին մատուցեն ինչ-որ քաղաքական լուծում», - ասաց Անդրիաս Ղուկասյանը։
 
Մանրամասները տեսանյութում:

Վովա Հակոբյան