Ինչպես հայտնի է՝ եռօրյա պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը:
ԱԺ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ այցի շրջանակում ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի առաջարկով հայ խորհրդարանականները հոկտեմբերի 11-ին հանդիպել են Պետական դումայի «Միացյալ Ռուսաստան» («Единая Россия») կուսակցության խմբակցության ներկայացուցիչների հետ:
«Մենք հիմա շատ անհանգիստ ժամանակներում ենք ապրում, ինչն անմիջական ազդեցություն է ունենում երկրների ու ժողովուրդների վրա»,-հանդիպման սկզբում նշել է ՀՀ ԱԺ նախագահը՝ ասելով, որ ռուս գործընկերներից ակնկալում է արդյունավետ եւ անկեղծ համագործակցություն անվտանգային եւ տարածաշրջանում տեւական խաղաղության հասնելու հարցերում:
Քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակը:
ՀՀ ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ սահմանում ադրբեջանական ԶՈւ-ն երեկ կրկին հրաձգություն է իրականացրել: Հայկական կողմը ռուս գործընկերներին է փոխանցել ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Ջերմուկ առողջարանային քաղաքում ստեղծված իրավիճակը, ենթակառուցվածքներին հասցված վնասները: