Այսօր կրկին Ուկրաինայի ողջ տարածքում տագնապի ազդանշան էր, մարդիկ ապաստարաններում են. Խարկովում ՀՀ պատվավոր հյուպատոսության կրթամշակութային բաժնի ղեկավար
«Այսօր կրկին տագնապի ազդանշան էր Ուկրաինայի ողջ տարածքում, մարդիկ ապաստարաններում են»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց Խարկովում ՀՀ պատվավոր հյուպատոսության կրթամշակութային բաժնի ղեկավար, Ուկրաինայի «Մշակութային կապերի հայկական միություն» ՀԿ փոխնախագահ Համլետ Հովհաննսիյանը։ 

Նշենք, որ Ռուսաստանը երկու օր է՝ ռմբակոծում է Ուկրաինայի մի շարք մարզեր՝ ի պատասխան Ուկրաինայի կողմից իրականացված՝ Ռուսաստանը Ղրիմին կապող կամրջի պայթյունի։ 

«Բարեբախտաբար, այս երկու օրերի ընթացքում ազգությամբ հայ քաղաքացիների վիրավորումների կամ զոհվելու վերաբերյալ չունենք տեղեկատվություն։ Սակայն ռուսական կողմի ռմբակոծություններից ոչ միայն էլեկտրաէներգիայի, ջրի մատակարարման ենթակառուցվածքներն են խափանվել, այլ նաև բազում քաղաքացիական տներ են վնասվել»,- ասաց մեր զրուցակիցն ու ընդգծեց, որ վերջին երկու օրը հատկապես շատ է ռմբակոծվել Զապորոժիեն՝ հարված է հասցվել բազմահարկ բնակելի շենքերին, կան զոհեր ու վիրավորներ. «Երեկ ռմբակոծվում էին Ուկրաինայի գրեթե բոլոր քաղաքները՝ Զապորոժիեն, Դնեպրը, Կիևը, նույնիսկ Ուկրաինայի արևմտյան շրջաններն են ռմբակոծվել, իսկ Խարկովն ամենօրյա հարվածի տակ է եղել վերջին ամիսների ընթացքում։ Երեկ Խարկովն ամբողջությամբ հոսանքազրկվել էր, բայց երեկոյան քաղաքային իշխանությունները կարողացան վերականգնել»։

Համլետ Հովհաննսիյանը շեշտեց, որ Խարկովում հյուպատոսության աշխատանքները շարունակվում են հեռավար, և թեպետ Խարկովի մարզը Ուկրաինայի տիրապետության տակ է այժմ, բայց իրենք շարունակում են քաղաքացիներին կոչ անել, որ դեռ վաղ է վերադառնալը:

«Խարկովում հայ համայնքը մեծ է, թեպետ շատերը ժամանակավոր դուրս են եկել, բայց մնացողներ էլ կան, հայկական եկեղեցին շարունակում է գործել, հայկական դպրոցը հեռավար է շարունակում իր աշխատանքը։ Ուկրաինայում Հայաստանի դեսպանատունը հենց առաջին օրվանից ակտիվ աշխատանքներ է տանում և իր հնարավորության սահմաններում օժանդակություն է ցույց տալիս այն քաղաքացիներին, ովքեր դիմել են օգնության համար։ Իրավիճակը բարդ է, և դեսպանատունը նույնպես ունի սահմանափակ ռեսուրսներ»,- ասաց նա։ 

Խարկովում ՀՀ պատվավոր հյուպատոսության կրթամշակութային բաժնի ղեկավար Համլետ Հովհաննսիյանն ընդգծեց, որ Կիևում Հայաստանի դեսպանությունը շարունակում է իր աշխատանքը։

Ըստ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության՝ նախնական տվյալներով, ռուսական կողմից ուկրաինական քաղաքների վերջին 2 օրվա հրթիռակոծության հետևանքով զոհվել է 19 մարդ, ևս 105-ը վիրավորվել են։ 

Հիշեցնենք, որ այս տարի փետրվարի 24-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռազմական գործողություն սկսեց Ուկրաինայի դեմ։ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ հատուկ ռազմական գործողությունների նպատակը Դոնեցկում և Լուգանսկում ապրող՝ տարիներ շարունակ հալածանքի ենթարկված ժողովրդին, այդ թվում՝ ՌԴ քաղաքացիներին, պաշտպանելն է։ 

Ռուսաստանը ճանաչել է Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների, ինչպես նաև Ուկրաինայի Խերսոն ու Զապորոժիե մարզերի անկախությունը։ ՌԴ նախագահը նաև ստորագրել է օրենքներ՝ նշված մարզերը անցկացված հանրաքվեի հիմքով ՌԴ կազմի մեջ մտնելու մասին։  

Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ ռուս-ուկրաինական պատերազմում՝ փետրվարի 24-ից մինչև հոկտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում զոհվել է 6221 քաղաքացիական անձ, որոնցից 396-ը՝ երեխաներ։ 

Նարա Մարտիրոսյան